Առաջնորդի խոսքը 1918թ․ Մայիսան հերոսամարտերի վերարժևորման առիթով

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…»

​Սիրելի հայրենակիցներ,

​Սարդարապատի հերոսամարտին նվիրված հայտնի երգի տողերն են գալիս մեր մտքին, երբ վերստին հիշում ենք 1918 թ. հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերի մասին: Բավականին դժվար օրեր էին. եղեռնից մազապուրծ ժողովուրդը դեռ չէր հասցրել ուշքի գալ, պատմական Հայաստանից մնացել էր մի փոքրիկ հողակտոր, իսկ դարավոր թշնամին վերստին փորձում էր վերացնել նաև այդ մնացորդացը: Կարծես թե իրապես փրկության ոչ մի ելք ու ճար չկար, և խենթություն էր նման տկար վիճակով այդպիսի անհամաչափ ուժի դեմ ելնելը: Բայց փակուղում հայտնված մեր ազգը կայացրեց վերջին հույսի իր որոշումը` մահ կամ ազատություն: Մայր Աթոռը լքելու և ավելի ապահով վայր տեղափոխվելու առաջարկի մերժումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-ի կողմից՝ գոտեպնդեց ու ոգևորեց օրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր միասնաբար լծվեցին պայքարի կազմակերպմանը: Եկեղեցու զանգերի ղողանջը կենաց մահու մարտի էր կանչում բոլորին, և հոգևորականների կողմից օրհնված և անմիջական մասնակցությամբ առաջնորդված պայքարը իրականություն դարձրեց Սարդարապատի հրաշքը:

Կարևոր ենք համարում արձանագրել, որ մայիսյան հերոսամարտերի գլխավոր դերակատարներից մեկը, եթե ոչ հիմնականը, եղել է արցախցի դաշնակցական Արամ Մանուկյանը: Արցախից մահապարտների գունդը՝ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ մասնակցել է այդ պայքարին, իսկ Մայր Աթոռի միաբան հոգևորականներից կազմված մահապարտների գունդը ևս ղեկավարում էր ծնունդով արցախցի Գարեգին եպս․ Հովսեփյանցը։ Սա նշանակում է, որ Արցախը անմնացորդ նվիրված էր Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, որովհետև այլ կերպ լինել չէր կարող:

​Սիրելիներ, այսօր էլ, երբ մեր ազգը ապրում է այդ ժամանակներին հար և նման օրեր, երբ արդեն Արցախը ունի համազգային միասնության կարիք, շատ կարևոր է մայիսյան հերոսամարտերի և դրանց պտուղը հանդիսացող առաջին հանրապետության հիմնադրման պատմական իրողությունների հիշատակումն ու գործնական վերարժևորումը: Ուշագրավ է, որ այն օրերին երկրի աշխարհիկ ղեկավարները լսեցին Վեհափառի հորդորները և փոխեցին իրենց ծրագրերը: Դարերի հեռավորությունից հստակ տեսանելի է, որ երբ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները գործում են ներդաշնակ, երկիրը դառնում է գրեթե անպարտելի մի ամրոց:

Մայիսյան հերոսամարտերը ապացուցեցին, որ մեր ամենամեծ և անդավաճան դաշնակիցները երկուսն են՝ Աստված ու մենք ինքներս։ Չմոռանանք մեր հերոսական անցյալը, և հիշենք որ այդ անցյալը հենց մերն է եղել, ու նորից կարող է մերը դառնալ: Թող Աստված միաբան սիրով պահի Ազգս Հայոց և Եկեղեցիս Հայաստանեայց:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE