Հոռեկա վանք
Մարտակերտի շրջան, գ. Թալիշ
Գլխո կամ Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարայանջին: Բաղկացած է եկեղեցուց, զավթից, զանգակատնից, ընդարձակ գերեզմանոցից, հյուրատնից և այլ ավերակված շինություններից: Եկեղեցին և գավիթը ճարտարապետական պարզ լուծում ունեն: Պատերը շարված են կոպտատաշ կրաքարերով, իսկ մուտքերի, լուսամատների երեսակալները մաքուր տաշած քարից են: Եկեղեցին միանավ կառուցվածք է, որի երկթեք թաղակապ ծածկը հենվում է պատերի վրա: Ուղղանկյուն աղոթասրահն ունի շատ հին ու անսովոր ձեւ: Ըստ մուտքի կիսակամար ճակատակաքարի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցել է Հովհաննեսը 1279թ.: Նույն Հովհաննեսը կառուցել է նաև գավիթը (1284թ.), որը հատակագծում ունի գրեթե քառակուսի հորինվածք: Եկեղեցու և զավթի պատերի մեջ՝ ներքուստ և արտաքուստ ագուցված են բազմաթիվ խաչքարեր: Գավթում ամփոփված են վանքի եպիսկոպոսների, վարդապետների, սարկավագների մարմինները:
Զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում: Այն փոքրիկ շինություն է՝ կցված գավթին:
Վանքի տարածքում ընդարձակ գերեզմանոցն է, որն ի սկգբանե եղել է Գյուլիստանի մելիքների տոհմական տապանատունը: Դրանցից հնագույնը Գյուլիստանի Մելիք Բեգլարյան տոհմի հիմնադիր Մելիք Աբովի տապանաքարն է՝ 1632 թվագրությամբ: Իսկ վանքի հյուսիս-արևելյան կողմում հյուրատունն է՝ թաղակապ երկու կցակառույց շինություններով: Վանական համալիրից հյուսիս, մոտ 100 — 150 մ հեռավորության վրա տարածվում է Արցախի պալատական ճարտարապետության թերևս ամենալավ պահպանված հուշարձանը՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը՝ մի շարք ուշագրավ կցակառույց, թաղակապ եւ բրգավոր շինություններով, որոնք իրականացվել են 18-րդ դարի երկրորդ քառորդի սկզբին. «ՅիշատակԷ Օհան բարոն, տերէն Մելիք Թամրազ ՌՃՀԶ (1727թ.)»:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ