Ամարասի վանք
Մարտունու շրջան, գյուղ Սոս
Ամարասի վանքը գտնվում է պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառում, ներկայիս Մարտունի շրջկենտրոնից 10 կմ հարավ, Խազաղի և Լուսավորչի սարերի միջև ընկած գոգավորությունում, պատմական Ամարաս գյուղաքաղաքի մոտ: Վանքը IV դարում հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը:
Շինարարական աշխատանքներն ավարտել է նրա թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը: Նույն IV դարում պարսիներն ավերել են այն, սակայն V դարի վերջին Վա չագան Գ Բարեպաշտ թագավորը վերականգնել է այն և Ամարասում թաղված Գրիգորիսի գերեզմանի վրա կառուցել է մատուռ: Վանքն եղել է գավառի եպիսկոպոսանիստ կենտրոնը, ուր իրականացվել է մեծ ծավալի մշակութային, կրթական և տնտեսական գործունեություն:
V դարում Մեսրոպ Մաշտոցն այս տեղ է բացել Արցախի առաջին հայկական դպրոցը: Ամարասի վանքը շատ է տուժել վայրագ ցեղերի ասպատակություններից: 640 թվականին, արշավելով Արցախ, արաբները թալանում և ավերում են վանքը, սակայն Դիզակի իշխան Եսային IX դարում վերականգնում է այն:
Վանքն ունեցել է հուսալի պարիսպ և վտանգների դեպքում որպես μերդամրոց պատս պարել է ժողովրդին և դիմադրել թշնամուն: Վանքին մեծ ավերվածություններ են պատճառել թուրք-սելջուկներն ու թաթար-մոնղոլները՝ հատկապես մոնղոլական Աբաշա խանը և Լենկ-թեմուրի հրոսակները: 1293 թվականին թաթար Բաթու խանն այստեղից իր հետ տանում է Սուրբ Գրիգորիսի գավազանն ու ոսկեձույլ մի խաչ, որի 36 ակներից յուրաքանչյուրը պատկերում էր հայկական այբուբենի մի տառը: Հետագայում Արցախի վարպետները պատրաստում են հայկական տառերով 36 նոր ակներ և տեղադրում Ամարասի շրջակայքի 36 քերծերի ճակատներին:
1387 թվականին Ամարաս են ներխուժում Լենկթեմուրի զինվորները: Վայրագ զորավարը հրամայում է իր զինվորներին շարք կանգնել Ամարասից մինչև Արաքսի ափը և, քանդելով վանքը, քարերը ձեռքից-ձեռք տեղափոխելով լցնում են Արաքս գետը: Սակայն Լենկթեմուրի հեռանալուց հետո քրիստոնյա հայերը նույն ձևով վերադարձնում են քարերը և վերականգնում վանքը: Հինավուրց հոգևոր կենտրոնում նորից է հնչում հայերեն խոսքն ու հոգևոր պատարագը: Չնայած այս դառը ճակատագրին Ամարասի վանքը չկորցրեց իր եպիսկոպոսական աթոռը և անգամ ծանր պայմաններում մնում էր աշխույժ կյանքով ապրող հոգևոր միաբանության կենտրոն: Այստեղ անընդմեջ գործել է դպրոցը, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հասել են մեր օրերը: Վանքը զգալի բարգավաճում է ապրում XVI դարում:
1664 թվականին վանքի ծախսերով Հերհեր գյուղի մոտ կառուցվում է առաջնորդության ամառանոց-եկեղեցին, որը կրում է Սբ. Գրիգորիսի անունը: XVII դարում թուրքերի և պարսիկների արշավանքները նոր վնասներ են հասցնում Ամարասին: Սակայն Վարանդայի իշխան Շահնազարը վերականգնում է Ամարասը և կառուցում է բերդապարիսպը: Արցախը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքը նախ վերածվում է զորանոցի, ապա արքունի մաքսատան:
849 թվականին այն վերադարձվում է Հայոց Եկեղեցուն: XIX դարում Շուշիի հայերի միջոցներով, շուշեցի քարագործ վարպետները կառուցում են ներկայիս Սբ. Գրիգորիս եկեղեցին, որի խորանի տակ պահպանվում է Սուրբ Գրիգորիսի դամբարանը:
Շուրջ 14 դար Ամարասի վանքում հնչել է հայերեն աղոթքը: Այն լռել է միայն 1928-88 թվականներին, երբ Արցախը եղել է ազերիների լծի տակ: 1988 թվականին սկսված ազատագրական շարժումները նոր շունչ հաղորդեցին հինավուրց վանքին և 1990 թվականի սեպտեմբերի 7-ից սկսեցին ղողանջել նրա զանգերը: Չնայած 1992 թվականին, պատերազմի ժամանակ, վանքը գրավեցին ազերիները, սակայն կարճ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղի բանակը վերջնականապես ազատագրեց այն:
Ամարասը Հայաստանի մեծագույն սրբություններից մեկն է:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված Արցախի թեմի հոգևոր արարողություններին վանքը ներկայացավ իր վեհաշուք տեսքով:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ