Երից Մանկանց վանք

Վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, Մռավ լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին: Հիմնադրվել է 17-րդ դարի վերջին քառորդում` որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Երից Մանկանց վանքը 1691-ին կառուցել է Սիմեոն Ա.Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսը (1675-1704թթ): Ճարտարապետն է Սարգիսը, որի մասին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսակողմ պատին:

Ճարտարապետը ձգտել է եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն:

Վանական համալիրը բաղկացած է մեկ եկեղեցուց, սեղանատնից, միաբանների սենյակներից, պաշտպանական կառույցներից ու գերեզմանոցից: Կենտրոնական դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ և կոպտատաշ դեղնասպիտակավուն կրաքարով: Տաճարի գմբեթը բարձրանում է չորս հոյակապ, քառակուսի, խաչաձև սյուների և դրանք միմյանց օղակող կամարների վրա: Կամարներն էլ ունեն շեշտված սլաքաձևություն: Եկեղեցին հետաքրքիր է ներքուստ, ընդարձակ դահլիճը, որի վեհությունն ու կատարյալ անդորությունը ավելի է ընդգծվում դեպի վեր սլացող սյուների շքեղությամբ, աղեղնաձև խաչվող կամարների թեքությամբ, թմբուկի խոշոր լուսամուտներից ներս թափանցող արևի ճառագայթների խորհրդավորությամբ, բեմաճակատի ընդարձակ երկաթագիր վիմագրով, տասնյակ մեծ ու փոքր խաչքարերի, պատուհանների առկայությամբ:

Երից Մանկանց վանքի հիմնադրումից ի վեր սկսվել է դրա և Գանձասարի կաթողիկոսության հակամարտությունը, որը ստիպել է Ամենայն հայոց կաթողիկոսներին հանդես գալ հաշտարար միջնորդությամբ:

Երից Մանկանց վանքը որպես վանք-ամրոց մեծ դեր է խաղացել 18-րդ դարի սկզբին Արցախում ծավալված ազատագրական պայքարում:

1819 թ-ին, հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով, Երից Մանկանց վանքի կաթողիկոսությունը վերացել է:

Մի շարք, տեղում ստեղծված ձեռագրեր փաստում են զարգացած միջնադարում գրչօջախ դարձած եկեղեցու գոյությունը:

Հուշարձանախումբն ամբողջովին ձուլված է անկրկնելի բնությանը, ներկայանալով որպես մի անքակտելի մաս: