Հակոբավանք
Մարտակերտի շրջան, գ. Քոլատակ
Քոլատակից 2 կմ հյուսիս, անտառապատ լեռան վրա, գտնվում է Արցախի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն Հակոբավանքը, որը հայտնի է որպես եպիսկոպոսանիստ, իսկ որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ: Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ: Հիշատակվում է 853 թվականից: Վանքի անվանումը ծագում է Մծբինի հայրապետ Սբ. Հակոբի անունից, որի մասունքները (աջը) պահվել է այստեղ: Վանքը հայտնի է նաև Մեծառանից վանք անունով: Ըստ Մատենադարանում պահպանված մի հիշատակարանի՝ վանքի գլխավոր եկեղեցին կառուցել են Հասան Ջալալի ծնողները՝ Վախթանգն ու Խորիշահը: Հիմնական եկեղեցին վերանորոգվել է XII դարում: Մյուս կառույցները ստեղծվել են XII-XIII դարերում: Համալիրի մեջ մտնում են երկու եկեղեցի, երկու գավիթ, բնակելի տներ, տնտեսական շենքեր: Կան շատ խաչքարեր, որոնց վրա կան 1123 և 1224 թվերի արձանագրություններ: Վանքն եղել է Խաչենի գավառի կրթական և գրչության կենտրոնը:
Օգտագործված աղբյուրների ցանկ
«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ