Շանգինի գրքի շնորհանդեսն ու այցելությունն Արցախի թեմ
Մայիսի 5-ին Երևան քաղաքի Անի Պլազա հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՌԴ պատվավոր ճարտարապետ Ն․Գ․Շանգինի «Ով և ում հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գլուխգործոցները» գրքի շնորհանդեսը։ Գրքի հրատարակությունը և շնորհանդեսը կազմակերպվել է «Դիալոգ» հասարակական կազմակերպության, մասնավորապես նրա նախագահ Յուրի Նավոյանի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ ներկայացնելով գրքի հրատարակման նախապատմությունը և շարժառիթները, ինչպես նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության առաջիկա կարևոր նախաձեռնություններն ու հրատարակչական գործունեությունը։
Միջոցառմանը ներկա էին նաև Ն․Շանգինի Արցախ կատարած այցելությունների և հայկական մշակութային կոթողների ուսումնասիրության ընթացքում նրան ուղեկցած Արցախի մտավորականության ներկայացուցիչները։
Շնորհանդեսին Արցախի թեմակալ առաջնորդի օրհնության խոսքը փոխանցեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան-ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, թեմական խորհրդի անդամ, դիվանագետ Կարեն Միրզոյանը և թեմական խորհրդի անդամ, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին հեղինակին՝ հույժ կարևոր, արդիական և, որ ամենակարևորն է, Արցախի պատմամշակութային ժառանգությունը միանգամայն անաչառ ու գիտահանրամատչելի հանրության դատին արժանացնելու համար։
Մայիսի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի գրասենյակում ընդունեց ՌԴ պատվավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկիտա Շանգինին։ Քննարկվեցին արդի ժամանակներում Արցախի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու դրանք հնարավորինս կանխելուն ուղղված նախաձեռնությունները։ Թեմակալ առաջնորդը իր խոսքում կարևորեց Ն․Շանգինին՝ Արցախի պատմամշակութային ժառանգությունը օբյեկտիվորեն ներկայացնելուն ուղղված կարևոր աշխատանքը, ընդգծելով, որ հատկապես արդի ժամանակներում, երբ Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքական, շահադիտական նպատակներով հորինվում ու տարածվում են անհիմն ու անտրամաբանական, պատմական իրողությունների հետ որևէ աղերս չունեցող կեղծիքներ, ապա այդ ամենին հակադարձելու կարևորագույն ճանապարհը նաև պատմական իրական փաստերը ներկայացնող նման ճշմարտապատում գործերի ստեղծումն է։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը իր երախտիքը հայտնեց գրքի հեղինակին, ինչպես նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին՝ հույժ կարևոր այդ նախաձեռնությունը իրականություն դարձնելու կապակցությամբ։