Խաչվերացի տոնը սիրո և սրտացավության մթնոլորտում

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը` Սուրբ Խաչին նվիրված 4 տոներից գլխավորը և Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը:

«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եվ գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Քրիստոսի այս խոսքերը մեզ ուսուցանում են, որ քրիստոնյա լինել նշանակում է ձերբազատվել եսակենտրոն կյանքից:

Այսօր` սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչը արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցն էր, ով շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ ու ներկայացնելով խաչի խորհուրդը Քրիստոնեությունից ներս, շեշտեց. «Քրիստոնյայի հաղթական զենքը խաչն է»:

Տոնի առթիվ «Ջերմոլիո» ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ` որպես արցախցիների հանդեպ սիրո և հոգատարության դրսևորում, ձեռք էր բերվել տեղական խաղող, որը Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնի միջոցով և երիտմիության անդամների օգնությամբ բաժանվեց Պատարագի մասնակից ժողովրդին:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE