Արցախի քաղաքապետերի ձերբակալության մասին

Օրերս տեղեկացանք ՀՀ իրավապահ մարմինների կողմից Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերի ձերբակալության մասին: Այս հանկարծահաս որոշմանն իրավական գնահատական տալը թողնելով ոլորտի մասնագետներին՝ մենք ավելի շատ մտահոգված ենք այս գործողությունների բարոյական հետևանքների և թաքնված դրդապատճառների առումով:  

Մենք քաջածանոթ ենք վերոնշյալ համայնքապետերին, ովքեր ոչ միայն Հայոց Եկեղեցու զավակներ են և միշտ սիրով օժանդակում էին Արցախում մեր հոգևոր ծառայությանը, այլև հայրենասեր ու հարգված անձինք են իրենց համայնքի բնակիչների կողմից, ովքեր կանգնած են եղել Արցախյան ազատագրական պայքարի ակունքներում և վերջին շրջանում էլ երբեք չեն լքել իրենց հայրենակիցներին:

Այսօր էլ հիշյալ անձինք համախմբող ու միավորող ազդեցություն ունեն ՀՀ-ում ապաստան գտած իրենց համաքաղաքացիների շրջանում և հետաքրքիր զուգադիպությամբ այս հետապնդումները տեղի են ունենում ՀՀ սահմանազատման և սահմանագծման հետևանքով առաջացած ժողովրդական ընդվզմանը համընթաց:

Դատապարտելի ենք համարում ցանկացած հիմնազուրկ ու անհամաչափ ուժի կիրառում Արցախի պաշտոնեության նկատմամբ: Այս համապատկերում մեզ համար ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ պետական հովանավորչությամբ նորից շրջանառության մեջ է դրվել «արցախցիներ-հայաստանցիներ» վաղեմի ազգակործան թեզը՝ փորձելով այս նոր աճող շարժման միակ շահառու ներկայացնել Արցախից բռնի տեղահանված մեր ժողովրդին: Կարծում ենք ակնհայտ է, թե ժամանակին ում էր ձեռնտու այս ազգամիջյան բաժանումը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE