ք. Ստեփանակերտ
Ստեփանակերտ քաղաքի «Զատիկ» կիրակնօրյա դպրոց
Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցուն կից «Զատիկ» կիրակնօրյա դպրոցը բացվեց 2022թ. փետրվարին: Դասարանում ի սկզբանե գրանցված էին 8-12 տարեկան 34 աշակերտներ: «Զատիկ» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն են Սոֆիյա Բաբայանը և Լուսինե Գասպարյանը: Սուրբ Գրքին ծանոթանալուց և գործնական աշխատանքներ կատարելուց զատ դպրոցի երեխաները մասնակցում են նաև ուխտագնացությունների և ճամբարների:
Դպրոցի առաջին ուսումնական տարվա ամառային արձակուրդի ժամանակ երեխաներից մի քանիսը մասնակցել են Գուգարաց թեմում կազմակերպված ճամբարին, և երեխաներից մեկն արժանացել է պատվոգրի՝ կարգապահության համար: Կիրակնօրյա դպրոցի Աստվածաշնչյան գիտելիքների ուսուցչուհի Սոֆիյա Բաբայանը չի հերքում, որ դասարանում կան նաև չարաճճի երեխաներ, բայց հավատում է, որ հոգևոր հովվի և ուսուցիչների համատեղ ջանքերով կկարողանան քրիստոնեական արժեքներ սերմանել բոլոր երեխաների մեջ:
Մյուս կողմից, ուսուցչուհին նշեց, որ ծնողները նկատել են, թե ինչպես են մեծ հաճույքով երախաները հաճախում կիրակնօրյա դասերին, իսկ ոմանք վկայում են, որ երեխաների վարքը փոխվել է դեպի լավը: Նա ընդգծեց նաև ուսուցիչ-երեխա փոխադարձ ուսուցումը. «Անկեղծ լինելու համար, պետք է ասեմ, որ երեխաներից ես ինքս կարևոր դասեր եմ քաղել ինձ համար, թե ինչպիսին պետք է լինի իսկական քրիստոնյան: Այնպես, որ ոչ միայն մենք ենք դասավանդում, այլև նրանք՝ մեզ»:
Ըստ կիրակնօրյա դպրոցի ուսուցչի՝ Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցն էլ հեռուն գնացող նպատակներ ունի. աղջիկներին ներգրավել եկեղեցու երգչախմբի մեջ, տղաներին էլ՝ Սուրբ Խորանին ծառայելու գործում:
Կիրակնօրյա դպրոցը եկեղեցու երիտասարդաց միության հետ էլ սերտ կապի մեջ է. պլանավորում են միասնական ծրագրեր և կիրակնօրյա դասերին կազմակերպում երեխաների հետ հանդիպումներ: