ք. Ասկերան

Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Նռան հատիկներ» կիրակնօրյա դպրոց

2002 թվականից ի վեր Ասկերան քաղաքի հոգևոր կենտրոնն է եղել Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 20 տարի անց, Ասկերան քաղաքում տեղի ունեցավ երկար սպասված և քաղաքի բնակչության հոգևոր աճի համար կարևորագույն մի իրադարձություն. Աստծո կամոք և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ, 2022 թվականի փետրվար ամսում սկիզբ դրվեց կիրակնօրյա դպրոցների գործունեությանը՝ Արցախի տարբեր բնակավայրերում, քաղաքներում, շրջկենտրոններում և գյուղերում։ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում բացվեց «Նռան հատիկներ» անվանմամբ կիրակնօրյա դպրոցը։ Դպրոցը սկսել է իր գործունեությունը 2022 թվականի փետրվարի 13-ից։ Կիրակնօրյա դպրոցի սաներ դարձան թե՛ Ասկերանի և թե՛ մոտակա գյուղի երեխաները։ Կիրակնօրյա դպրոցներում դասերն անցկացվում են տարբեր մեթոդներով։ Աստվածաշնչի ուսուցումը` համեմված թեմատիկ ձեռքի աշխատանքներով, հետաքրքիր և ուսուցողական խաղերով, նպաստում են երեխաների մտածողության, տրամաբանության, հիշողության զարգացմանը, ինչպես նաև ամրապնդում կապը Աստծո հետ։ Դասերի վարման հետաքրքրաշարժ եղանակը, հոգևոր դաշտի հետ առնչության մեծ ցանկությունը և սերը առ Աստված շարժառիթ դարձան կիրակնօրյա դպրոցներում սովորող մանուկների քանակի ավելացմանը։ Այժմ Ասկերանի Սուրբ Աստվածածին Եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում են 30 սան։ Երեխաները՝ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի հովանու ներքո մասնակցում են նաև Սուրբ Պատարագին։ Նրանք իրենց ծառայությունն են մատուցում Աստծուն՝ արդեն իսկ եկեղեցում, կիրառելով ստացած գիտելիքները արդեն բուն պատարագների և ժամերգությունների ժամանակ։ Երեխաների մի մասը համալրել են եկեղեցու երգչախումբը, իսկ մի մասը՝ եկեղեցու սպասավորների շարքը։ Չնայած ամառային արձակուրդներին, դպրոցը շարունակել է իր գործունեությունը։ Երեխաները սովորել են շարականներ, ինչպես նաև ծանոթացել եկեղեցու կարգ ու կանոններին։ Ամառվա ընթացքում երեխաների համար կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Պատարա գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Երեխաները մասնակցել են հոգևոր ծառայությանը և հագեցած օր անցկացրել Պատարայի գունագեղ անտառում։ Այժմ կիրակնօրյա դպրոցը առավել մեծ եռանդով շարունակում է գործել։ Օր օրի ավելանում է, Աստծու հետ առնչվելու և ծանոթանալու ցանկություն ունեցող, երեխաների քանակը, ինչը ավելի է ոգեշնչում ուսուցչական կազմին այս կարևոր հոգևոր ծառայությունը մատուցելու համար։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE