Եռատոն Վաղուհասում

Փետրվարի 12-ին Վաղուհաս համայնքում եռատոն էր։ Նշվում էր համայնքի ազատագրման 29-ամյակը, Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցման 10-ամյակը և Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Այդ առիթով համայնքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմը, գյուղի դպրոցի ողջ անձնակազմը՝ աշակերտների հետ միասին, գյուղացիներ, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։

Վաղուհասի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանի ձեռամբ սուրբ պատարագ մատուցվեց տեղի Սբ. Աստվածածին եկեղեցում, որն կանգուն է բարերար Գրիգորի Հայրապետյանի շնորհիվ։ Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ երգ ու պարով նշվեց եռատոնը։ Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեպսակ խոնարհեցին զոհված հայորդիների հիշատակին։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE