2021թ. 3-րդ եռամսյակային քահանայից ժողով
Սույն թվականի հոկտեմերի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկպոս Աբրահամյանի նախագահությամբ կայացավ Արցախի թեմի քահանայից 2021 թ․ 3-րդ եռամսյակային հաշվետու ժողովը։
Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և թեմի առաջնորդի ողջույնի խոսքով։ Արժանապատիվ հոգևոր հայրերը ներկայացան իրենց կատարած աշխատանքների մասին զեկույցներով։ Ժողովի օրակարգային հարցերն էին Արցախի հոգևոր անվտանգությունը, հոգևոր քարոզչության ակտիվացումը, սոցիալ — բարեգործական ծրագրերի իրականացումը։ Վեր հանվեցին Արցախի թեմի գործունեության ձեռքբերումները և թերացումները, որոնց վերացման համար նախանշվեցին համապատասխան աշխատանքային ուղղությունները։ Թեմակալ առաջնորդը գոտեպնդեց հոգևոր հայրերին, նշելով, որ չնայած թեմի հոգևորականները շատ չեն և մեծ կարիք կա Հոգևոր բանակի համալրման, սակայն ներկայումս Արցախում ծառայության կոչված քահանաները պետք է այս ծանր ու քաղցր լուծը կրեն սիրով և պատասխանատվությամբ։
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև գործող եկեղեցիներին կից երիտասարդաց և տիկնանց միությունների ստեղծման ու դրանց ակտիվ գործունեության, հայորդաց տների վերաբացման, թեմի քրիստոնեական քարոզչության և դաստիարակության կենտրոնի վերաբացման, Մայր Աթոռի միջոցով Արցախում բնակվող տեղահանված բազմազավակ՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելու և այլ հարցեր։ Կարևորվեց համայնքներում խոցելի խմբերի՝ զոհվածների ընտանիքների, զինհաշմանդամների և այլ խմբերի հանդեպ հոգևոր խնամատարությունն առավել ակտիվացնելու հարցը։ Առաջնորդ Սրբազանը հանձնարարեց հովվական այցելություններ կազմակերպել պետական գերատեսչական մարմիններ և կրթական-ուսումնական հաստատություններ։
Արցախի թեմի հոգևոր կյանքը այսօր ունի հոգևոր հայրերի նվիրյալ և սիրահոժար ծառայության կարիքն ու սպասումը։ Թեմի քահանաները, որպես հոգու մշակներ, Քրիստոսի սիրո սերմերը պետք է սերմանեն Արցախ աշխարհում և սպասեն Աստծո օրնությանն ու բարի պտուղներին։