Երիտասարդաց միության բացօթյա հանդիպում

ՀԱՍԵ Արցախի թեմի երիտասարդաց միությունը հուլիսի 13-ին կազմակերպել էր հերթական հանդիպումը, որն այս անգամ տեղի է ունեցել բնության գրկում: Հանդիպմանը ներկա էին Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և Մարտակերտի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, ինչպես նաև թեմի երիտասարդ հոգևորականները: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարբեր ու հետաքրքիր հոգևոր թեմաններ: Հայր Սուրբը երիտասարդներին ներկայացրեց կրոնի պատմությունը և բացատրեց թե ինչ խոր արմատներ ունի քրիստոնեությունը այդ պատմության մեջ և թե ինչպես է քրիստոնեությունը՝ որպես կրոնի մի հնագույն ճյուղ, ճշտությամբ պահել հնուց եկած իր կրոնական կարգ ու կանոնը:

Հանդիպումն անցավ շատ անմիջական ու ջերմ մթնոլորտի ներքո: Երիտասարդները իրենց մտքում պահած հարցերը ուղղեցին Հայր Սուրբին ու Տեր Հորը և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Քննարկումների ավարտին երիտասարդները խարույկ վառեցին և հավաքվելով դրա շուրջը միաշունչ կերպով երգեցին հոգևոր և հայրենասիրական երգեր:

Ամփոփելով օրը երիտասարդները ոգեշնչված ու տպավորություններով լի հեռացան՝ համոզված լինելով որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE