Վերածնունդ հանուն վերածննդի
Այս օրհասական պահին, երբ չար ուժերը փորձում են ցանկացած գնով հայաթափ անել բազմադարյա հայկական սրբավայրը՝ Արցախը, Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժման համակարգող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար պարոն Ռուբեն Վարդանյանը հանդես են եկել կոչով՝ ուղղված միասնական ուժերով Ս. Հակոբավանքի վերականգնմանը:
Մենք պետք է սիրենք մեր հայրենիքը` որպես ուղեցույց ունենալով աստվածաշնչյան հետևյալ հորդորը. «Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ» (Ա Հովհ. 3:18):
Հետադարձ հայացք նետելով տեսնում ենք, որ մեր հնագույն վանքերն ու եկեղեցիները կառուցվել են գրեթե այն նույն պայմաններում, ինչպիսիք առկա են այսօր Արցախում՝ առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի պաշարների: Այսօր էլ ընդօրինակելով մեր նախնիների չարչարանքները, ինքներս կնորոգվենք մեր արժեքների և հավատքի մեջ, ինչն էլ կդառնա մեր վերածննդի հիմքը: