Ուխտի Պատարագ և Սրբապատկերի Օծում
Ս.թ. նոյեմբերի 28-ին Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի սուրբ և անմահ պատարագ՝ ձեռամբ Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Պատարագի ավարտին կատարվեց փրկչական սրբապատկերի օրհնություն և օծման արարողություն։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն փրկչական պատկերի նվիրատուն Լիա Միրզոյանն է, ով կատարել է իր նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը։
Սուրբ պատարագին և սրբապատկերի օծման արարողությանը ուխտավորաբար ներկա էին եկեղեցու բարերար Տիգրան Խաչատրյանը և Շոշկավանքի համայնքի հավատավոր զավակները: Բարձրանալով Շոշկավանքի բարձունքը՝ նրանք իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված Արցախ Աշխարհի խաղաղության և հզորացման համար։
Սրբազան Հայրը քարոզով դիմելով ժողովրդին ասաց.
«Ինչպես առ Աստված ձգտող, Աստծուն փնտրող մեր սուրբ հայրերը բարձրացան լեռները առանձնալու, ինքնամփոփվելու, Աստծուն զգալու, տեսնելու և խոսելու համար, այնպես էլ այսօր մենք՝ որպես նրանց ոգու ժառանգակիցներ և առ Աստված հուսացողներ, բարձրացել ենք այս լեռն ու այս բարձունքում իր սրբատեղին գտած սրբավայրը՝ դիմելու մեր Տեր Աստծուն։»
Պատարագի և սրբապատկերի օծման ավարտին՝ հավատավոր ուխտավորները հոգով խաղաղված ունեցան սիրո ճաշ։