Ուխտի պատարագ Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին

Հայոց Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Արցախի թեմում տոնական պատարագ է մատուցվել սրբի անունը կրող եկեղեցիններում:

Այս օրը ուխտի օր է համարվում Նորշեն գյուղի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համար, որտեղ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի Սուրբ Պատարագ է մատուցվել:

Պատարագին մասնակից էին տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը, ինչպես նաև թեմի մյուս մեր հոգևորականները: Պատարագին իրենց ներկայությունն են բերել գյուղի հավատավոր ժողովուրդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաները: Պատարագի քարոզիչն էր Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

«Աշխարհի վրա եղած բոլոր ծնունդների մեջ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը յուրահատուկ է, և պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնից հետո, հաջորդը նշում է Հովհաննես Մկրտչի ծնունդը: Որոշ ընդհանրություններ կան Հովհաննես Մկրտչի ծննդյան ու կյանքի և արցախահայության այսօրվա վիճակի միջև. իրենց կյանքի ընթացքում կրել են բազմաթիվ դժվարություններ, սակայն ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ուխտի զավակ, այնպես էլ մեր ժողովուրդն է ուխտի ժողովուրդ: Մենք նույնպես ընտրված ենք Աստծո կողմից` որպես Տիրոջ ժողովուրդ և Տիրոջ ժառանգություն:

2011թ. վերանորոգումից ի վեր այս տոնի օրը համարվել էր նաև որպես Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օր, և ամեն տարի մենք հավաքվում էինք` այնտեղ նշելու Սրբի ծննդյան տոնը».- իր քարոզում նշեց արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

Հավարտ պատարագի մատուցվեց մատաղ և բաժանվեց ժողովրդին:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE