Ուխտի պատարագ Ամարասի վանական համալիրում

Այսօր Ամարասի վանական համալիրում Ուխտի Սուրբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Առաջին եկեղեցու հիշատակի օրը՝ կանաչ կիրակիին, Ամարասի վանքը  մարդաշատ էր։ Վանքի  հոգևոր հոտին ուխտավորաբար մասնակից էին նաև Արցախի այլ բնակավայրերից ժամանած հայորդիներ, ինչպես նաև Արմավիրի թեմից հավատավոր մեր սիրելի հայրենակիցները` Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանի առաջնորդությամբ։ 

Արմավիրի թեմի առաջնորդն իր խոսքում առ Աստված հույս հայտնեց, որ Արցախի բոլոր օկուպացված սրբատեղիները մի օր կկարողանան մշտապես իրենց գրկում ընդունել հավատավոր մեր զավակներին։

«Ամարասի վանական համալիրում աղոթքը շարունակական է, և այդ աղոթքը մենք պետք է պահենք որպես շարունակական մեր հավատքով ու ներկայությամբ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ կորցնում ենք մեր սրբատեղիները, այդ ժամանակ սկսենք գնահատել մեր ունեցած կոթողային արժեքները: Աղոթքի զորությամբ է, որ մենք կարող ենք պաշտպանել մեր սրբազան իրավունքները». իր խոսքում նշեց Սիոն Սրբազանը։

Ամարասի վանքն այս օրերին էլ իր ծաղկունքն է ապրում։ Արցախում հոգևոր վերազարթոնքին Ամարասում կրկին շատանում են աղոթող հայորդիները, ինչը  վստահաբար իր մեծ նպաստը կբերի թե ժողովրդի հանրային ու առօրյա կյանքից ներս և թե Արցախի վիրավոր վերքերի ապաքինմանը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE