Ուխտագնացություն Ս. Աստվածածնի ծննդյան տոնին

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է նշում այսօր Հայոց Եկեղեցին: Մարդկության Փրկչին աշխարհ բերած Մայրը բոլոր ժամանակների վառ օրինակն է անմնացորդ սիրո, բարեգթության և հոգատարության:

Աստվածամոր ծննդյան լուսավոր տոնին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի օրհնությամբ և առաջնորդությամբ եկեղեցու տիկնանց միությունը նախաձեռնել է ուխտագնացություն դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցի: Ուխտագնացությանը միացել են եկեղեցու երիտմիության անդամները և համայնքի մյուս հավատացյալները, ինչպես նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու համայնքի անդամներից:

Այսօրվա անձրևային եղանակը չխանգարեց ուխտավորներին ոտքով հասնել դեպի սրբավայր:

Օրվա պատարագիչն էր տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ով իր քարոզում նկարագրեց Աստվածամոր խորհրդավոր կերպարը` շեշտելով. «Պատահական չէ, որ մեր եկեղեցինների մեծամասնությունը կրում են հենց Աստվածածնի անունը»: Տեր Հայրը հորդորեց ներկաներին միշտ աչքի առաջ ունենալ Սուրբ Կույսի առաքինի կերպարը, ում մասին ասում է Սողոմոնը. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն»(Առակ 31:29-30):

Պատարագի կեսից միացել են նաև օրվա դասերն ավարտած փոքրիկ դպրոցականները` իրենց ուսուցիչների հետ: Տեր Հայրը Պատարագի ավարտին կատարեց նաև մշակների օրհնության կարգ` մաղթելով արդյունավոր և խաղաղ ուսումնական տարի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE