Ուխտագնացություն Մարտունու Ս.Ներսես Մեծ եկեղեցի

Հունիսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը: Հայոց Եկեղեցին Սրբերի շարքը դասելով իր երկու ազգանվեր ու եկեղեցաշեն զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Տոնը հիշատակվեց Սուրբ և Անմահ Պատարագով, որը տեղի ունեցավ Սրբի անունը կրող ք. Մարտունու Ս. Ներսես Մեծ եկեղեցում՝ ձեռամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանի: Սուրբ Պատարագին մասնակից էր թեմի հոգևորականաց դասը, ինչպես նաև Բեյրութի Ս. Նշան եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Քեշիշյանը։

Մի խումբ ուխտավոր հավատացյալներ հավաքվել էին Սրբի անունը կրող եկեղեցում ու հոգևորականաց դասի գլխավորությամբ միասնաբար աղոթելով խնդրել Սրբերի բարեխոսությունը։

«Ս․ Ներսես Մեծ հայրապետը դարձավ այն հիմնասյունը, որի վրա հետագայում իր որդին՝ Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցի հետ միասին մաքառելով՝ պետք է ստեղծեին հայոց գրերը, որոնցով մենք պետք է կարդայինք, քարոզեինք ու Աստծո խոսքը ճանաչեինք։ Մենք այսօր Ս ․Ներսեսի գործունեությունը կարող ենք տեսնել յուրաքանչյուրիս մեջ և ճշմարիտ հավատքով դառնալ առ Աստված։ Թող Ս․Ներսես Մեծը և Խադ եպիսկոպոսը բարեխոս լինեն Արցախ աշխարհի համար»,- նշել է Տեր Հովհան Քհն․ Հովհաննիսյանը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE