Ուխտագնացություն՝ նվիրված Սուրբ Գևորգ Զորավարի տոն օրվան

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ զորավարի տոնը:  Սուրբ Գևորգ անունը կրող Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվել է տոնական, սուրբ և անմահ պատարագ։ Արցախում էլ Սրբի անունը կրող Ասկերանի շրջանի Աստղաշեն և Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ (զորամասին կից) եկեղեցիներում մատուցվել է ուխտի պատարագ։

Աստղաշենի Սբ.Գևորգ եկեղեցում ուխտի պատարագ է մատուցել տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը: Իր քարոզում Տեր Հայրը անդրադարձել է օրվա խորհրդին, մանրամասն ներկայացրել Սուրբ Գևորգի կյանքն ու գործունեությունը, այնուհետև պատարագիչ քահանան Զորավարի բարեխոսությունն է հայցել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, իշխանությունների, ժողովրդի ու բանակի անսասանության, հայոց սահմանների ամրության համար։ Աղոթք է հնչել գերյալ մեր եղբայրների և  քույրերի ազատության, վիրավորների առողջության, նահատակված հերոսների հոգիների հանգստության ու փրկության համար։

Հավարտ պատարագի եկեղեցու բակում ներկայացվել է հոգևոր-մշակութային միջոցառում, որից հետո մատաղ է օրհնվել և բաշխվել ուխտավոր հավատացյալներին:

Սուրբ Գևորգ զորավարը հռոմեական բանակի զինվոր էր, տիեզերահռչակ մեծ զորավար, քրիստոնեության նահատակ, սրբադասված: Քրիստոսի վկա Սուրբ Գևորգը (որ թարգմանվում է երկրագործ), Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առաջ արիաբար խոստովանել է իր հավատը, որի համար 303թ. սրախողխող է արվել: Ս. Գևորգի մարմինը տարան Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաքը կամ Ռամլե ավանը: Այնտեղ Ասորիների եկեղեցու մեջ նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Այնտեղ կար նաև մի հայկական եկեղեցի սուրբ Գևորգին նվիրված:

Սրբի նահատակությունից մահից հետո բազմաթիվ հրաշքներ գործվեցին (ու մինչ այսօր էլ գործվում են) և բազմաթիվ եկեղեցիներ կառուցվեցին նրա անունով: Սուրբ Գևորգն ամենաշատ մեծարվող սրբերից է Կաթոլիկ, Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիներում և ամենահայտնի սուրբ զորավարներից: Սրբի նահատակությունից հետո բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել (ու մինչ այսօր էլ տեղի են ունենում) և բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել նրա անունով:

Թող որ Սուրբ Գևորգը պահապան լինի ամենքիս՝ մեր Հայրենիքին, բանակին, գերիներին, զինվորներին և հրամանատարներին։ Թող իր բարեխոսությամբ կատարվեն ամենքիս բարի նպատակները և երազանքները։