ՈՒխտագնացություն

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ԳԱՆՁԱՍԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ»

Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախի թեմը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի:

Օրվա խորհրդին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եխպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Մարտակերտ քաղաքի հոգևոր հովիվ, Գանձասարի վանքի ծիսակատար քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, իսկ օրվա խորհուրդը ներկայացրեց Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

Այս անգամ ուխտավորաբար Գանձասար էին ժամանել Հայաստան աշխարհի Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ առաջնորդությամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ և Արցախի թեմի հավատավոր զավակներ:

Չնայած օրվա ցուրտ եղանակին, եկեղեցին բազմամարդ էր և լցված սիրո ջերմությամբ: Զգացումները տարբեր էին և հուզումնալից: Հայ հավատավոր ուխտավորներն մերթ իրենց ուրախությունն էին գտնում սիրո և միաբանության մթնոլորտում, մերթ հիշում վերջին չարաբաստիկ պատերազմն՝ իր սպիացած վերքերով: Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանն իր քարոզի մեջ անդրադարձավ իր նախկին ծառայության վայրի՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սպասավորելու տարիներին հիշելով, թե ինչ մեծ շուքով էին նշում այս օրը մինչ պատերազմը: Հայ ազգից մի բուռ հայորդիներ Հայաստանի տարբեր վայրերից Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքակիր եկեղեցուց ճառագող լույսը պետք է տանեն ողջ հայությանը՝ որպես հոգիների փրկության և Արցախ աշխարհի վերահաստատման և վերազարթոնքի խորհուրդ: Հավարտ պատարագին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր նահատակ հայորդիների: Հոգևորականաց դասը աղոթք բարձրացրեց անհայտ կորած հայորդիների և գերեվարված մեր տղաների տունդարձի համար:

Սրբազան հայրերն իրենց օրհնությունները բերեցին ուխտավորներին: Իսկ պատարագից հետո մատուցվեց մատաղ և սիրո ճաշ:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱՀ կառավարությանը` տարբեր առիթներով մշտապես ուխտավորների տեղափոխության հարցում աջակցելու համար։

Թող Աստված զորացնի աշխարհն Հայոց և Արցախն հայրենի:



WP Radio
WP Radio
OFFLINE LIVE