Ուղղափառ եկեղեցու բացում Արցախում

Ուղղափառ եկեղեցու բացում Արցախում

Սույն թվականի նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի տարածքում բացվել է նորակառույց ռուս ուղղափառ Սուրբ Ծննդյան եկեղեցին: Եկեղեցու բացումից հետո այնտեղ կարդացվել է առաջին աղոթքը։

Բացման արարողությանը հրավիրված էին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ինչպես նաև Արցախում ուխտավորաբար գտնվող Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և հարավային Ռուսաստանի Եսենդուկի քաղաքի հոգևոր հովիվ Տեր Գյուտ քահանա Ղահրամանյանը։ Վրթանես եպիսկոպոսը շնորհավորել է խաղաղապահներին եկեղեցու բացման կապակցությամբ ասելով.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, հարգարժա՛ն գեներալ-լեյտենանտ Գենադիյ Անաշկին և գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով, պարոնա՛յք գեներալներ և սպաներ, արժանապատիվ Հայր Վադիմ:

Հայր Վադիմ

Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասի անունից, ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մեր սրտի անկեղծ ուրախությունն ու շնորհավորանքն ենք բերում Ձեզ` Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանում Սուրբ Ծննդյան այս հրաշալի եկեղեցու բացման առիթով։ Այս գեղեցիկ աղոթատունը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ խաղաղություն հաստատելը դա Աստվածային գործ է, ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5։9)

Այս եկեղեցին պետք է օգնի այստեղ ծառայող զինվորականներին ձեռք բերել ներքին խաղաղություն և ներդաշնակություն, որը նրանք կօգտագործեն իրենց խաղաղապահ առաքելության մեջ։ Իսկապես, որպես Արցախի թեմի առաջնորդ, մեզ համար ուրախալի է տեսնել, թե ինչպիսի մեծ կարևորություն է տրվում զինվորականի հոգևոր պատրաստությանը։ Այս առիթով մեր գնահատանքն ենք բերում Արցախում խաղաղապահ ուժերի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, ով ամեն կերպ աջակցեց այս ծրագրի իրագործմանը, և իր անմիջական հսկողության տակ զինվորականների ձեռքերով կառուցվեց այս աղոթատունը, և մեր շատ սիրելի հոգևոր եղբորը` հայր Բորիսին, ում նախաձեռնությամբ և տքնաջան աշխատանքով սկսվեց և վեր հառնեց այս գեղեցիկ տաճարը։ Այսօր արդեն այստեղ աղոթքի շարունակականությունը կապահովի Մեր սիրելի հոգևոր եղբայր Հայր Վադիմը, և այդ աղոթքները զորավիգ կլինեն Նորանշանակ հրամանատար գեներալ-լեյտենանտ Անաշկինին՝ Արցախում խաղաղության պահպանման կարևոր առաքելության մեջ:

ծառայող զինվորականներին ձեռք բերել ներքին խաղաղություն

Սրտի մեծ ուրախությամբ հիշում եմ, թե ինչպես ամիսներ առաջ Ռուսական Խաղաղապահների կենտրոնակայան այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, անձամբ ծանոթացավ այս ձեռնարկին և ունեցավ իր զգալի ներդրումը։ Սա շատ խորիմաստ ու պատմական աննախադեպ իրողություն  է  և սա նշանակում է, որ այս Սուրբ Ծննդյան եկեղեցին ինչ որ տեղ ծնունդ է հայ և ռուս ժողովրդի հոգևոր միասնական ջանքերի։

Օգտվելով առիթից, նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ հարգարժան պարոն Վլադիմիր Պուտինին, ում ջանքերի շնորհիվ Արցախում հաստատվեց կայուն խաղաղություն, և որ նա իր հատուկ հոգածության տակ վերցրեց Դադիվանքի վանական համալիրը։ Մեր գնահատանքն ենք բերում Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որ իրենց դժվարին առաքելության հետ մեկտեղ կարողանում են աջակցել Արցախի թեմին` Դադիվանքի պահպանության հարցում, Ամարասի անվտանգության հարցում և այլ առիթներով։

Ահա այսօր մենք այստեղ տեսնում ենք իրար կողքի կանգնած երկու տարբեր կրոնների՝ քրիստոնեական և մուսուլմանական աղոթատներ, և ես կարծում եմ, որ սրա մեջ ևս խորհուրդ կա. Իրականում Աստված մեկ է, իսկ դեպի նրան տանող ճանապարհները տարբեր, բայց Աստված խաղաղության Աստված է, և վերջիվերջո սա է բոլոր այստեղ հավաքվածներիս նպատակը։ Ուստի մաղթանքս է, որ կարղանանք հասնել կատարյալ խաղաղության թե մեր հոգում և թե մեր երկրում։ Աստված օրհնի բոլորիդ։»

Նույն վայրում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել Խաղաղապահի հուշարձանի և  «Ռուսական փառքի պուրակ»-ի բացման արարողությունը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախում գտնվելու միամյակի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE