Ուղերձ՝ նվիրված անկախության օրվան

«Արդարությունը բարձրացնում է ազգին,
բայց մեղքը ժողովուրդներ է կործանում»
(Առակաց 14։34)

Ուղերձ՝ նվիրված անկախության օրվան

Սիրելի Հայրենակիցներ,

Աստվածաշնչի Առակաց գրքի հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժևորման համազգային այս համախմբման պահին սկսում ենք մտորել մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին։

Անկախությունը աստվածային շնորհ է, որը ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց ցավոք աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը, և այսօր ուժն է ծնում իրավունք։ Ուստի մենք ստիպված ենք ուժով պաշտպանել մեր Աստվածատուր իրավունքներն ու ազատության պարգևը։

Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները՝ այն դարձնելով մեզ համար անխորտակելի հզոր զենք, և այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք։ Լինել Քրիստոսի խաչակիցը՝ չի նշանակում գնալ արհեստական նեղությունների և դժվարությունների հետևից, այլ կյանքի ուղիղ և արդար ճանապարհին հանդիպած նեղությունները կրել համբերությամբ, հավատով և սրբությամբ՝ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Կարծես թե մենք համբերում ենք, կարծես թե մենք հավատում ենք, բայց թերանում ենք մեր սրբության մեջ։

Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույն կերպ է լինում նաև այն ազգերի պարագայում, որոնց մոտ պակասում է Աստուծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։ Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը և աշխարհը իր շուրջն է պտտվում։ Ակամա ամենքը ապրում և գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից, կամ էլ գերի դառնում ուրիշ ազգերի։ Աստծո հանդեպ անկեղծ հավատքի և բարոյական, առաքինի կյանքի մեջ է թաքնված մեր ազգի փրկության բանալին։ Միաբանությունը դեռ ոչ մի ազգի չի կործանել, բայց երբ քաղաքացիների անձնասիրությունն ու սեփական շահն է սկսել գլուխ բարձրացնել՝ երկիրը երկու կողմերի բաժանել, մարդկանց իրար հակառակ դարձրել, ահա այդ ժամանակ է, որ սկսվել է այդ ազգի համար գերության շղթա հյուսվել։

Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարվել է, սողանքների պատճառով տրոհվել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի, հենարանի կարիք ունի, և մենք, որպես կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագավորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երևույթները, հուսահատությունը, անտարբերությունը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ վախը թերահավատության նշան է։

Այս է աշխարհի հավիտենական կարգը, այս է ագերի վրա Աստծո կատարած դատաստանը։ Բոլորս պետք է մեր տեղում և դիրքում՝ շինականից մինչև երկրի ղեկավար, զինվորից մինչև հրամանատար լինենք մաքուր և արդար մեր կոչման և ծառայության մեջ։ Ուստի, եթե մենք իրոք սիրում ենք մեր երկիրը, իրոք մեզ համարում ենք հայ ազգի և Արցախի սրբազան հողի մի մասնիկ, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս արդար կյանքից է կախված մեր երկրի հզորությունն ու հարատևությունը։

Թող Աստված իմաստություն տա մեր ազգին, որպեսզի լինենք զգոն և խիզախ՝ արդարության ճանապարհով մեր ազգին նորից բարձրացնելու համար։

Այս նվիրական օրը ձեզ ենք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ջերմագին օրհնություններն ու բարեմաղթանքները:

Եկեք բոլորս միասին աղոթք բարձրացնենք առ ամենակալն Աստված մեր ազգի պահպանության, հարատևության և բարօր կյանքի համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE