Շնորհավորանք՝ կանանց միջազգային օրվա առթիվ
Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական խոսքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ Արցախի հերոսածին մայրեր և քույրեր
Գարնանային զարթոնքի այս օրերին կրկին հասել ենք այն հանգրվանին, որ ամբողջ աշխարհում նշվում է կանանց միջազգային օրը։
Եթե մարտի 8-ի խորհրդով է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը պաշտոնապես դարձել իրականություն աշխարհի շատ երկրներում, ապա քրիստոնեական միջավայրում կինն ի սկզբանե եղել է պաշտպանված և արժևորված:
Քրիստոնեությունը վերականգնեց կնոջ արարչաստեղծ դերն ու արժեքը և Աստվածամոր օրինակով նորից ամրագրեց կնոջ մեծագույն կոչումը` մայր լինելու շնորհը։
Այս գեղեցիկ տոնի առիթով նշելի է հայ քրիստոնյա կնոջ կերպարը՝ մեծազնիվ, պարկեշտ ու խոնարհ: Ինչպես Պողոս առաքյալն է կոչում. «կանայք համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն …»:
Մեր հայացքի առաջ նորից պարզվում է հայ կնոջ, հերոսածին մոր կերպարը, ով և’ հերոս զավակներ է տալիս մեր հայրենիքին, և’ հարկ եղած դեպքում ինքն է նետվում մարտի։
Աղոթում ենք մեր որդեկորույս մայրերի և անհայտ կորած տղաների մայրերի Աստծով մխիթարություն գտնելու համար, որպեսզի Ձեր աչքի առաջ միշտ կարողանաք ունենալ Մարիամ Աստվածածնի կերպարը որպես որդեկորույս մայր՝ մխիթարված Սուրբ Հոգով։
Աստված օրհնի և զորացնի մեր Մայրերին ու քույրերին։