Տյառընդառաջի հանդիսավոր տոնակատարությունը
Տեառնընդառաջը հայ ժողովրդի կողմից սիրված տերունական տոներից է, որի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան։
Տեառնընդառաջի նախատոնակի առիթով Արցախի թեմի եկեղեցիներում կատարվեցին ժամերգություններ, որից հետո բարեպաշտ ժողովրդի հոծ բազմությունը ավանդական երգ ու պարով դիմավորեց Տեառնընդառաջը, կազմակերպվեց ավանդական ուտեստների հյուրասիրություն։ Իսկ Խաչմաչ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվեց նաև գյուղի աշակերտների, ծնողների և դպրոցի ուսուցիչների սուրբ մկրտության արարողություն, որին իր մեծ աջակցությունն է ունեցել եկեղեցու այս տարվա խաչքավոր Տիար Նորայր Գրիգորյանը։
Նախատոնակի արարողության ավարտին բոլոր եկեղեցիների բակերում կանթեղներից վերցված կրակով վառվեց Տեառնընդառաջի կրակը, որպես հիշատակ այն ջահերի, որով տաճարում դիմավորելու ելան Մանուկ Հիսուսին, Ում առաջ բացվել էին արևելյան դռները, որոնք մինչ այդ երբեք չէին բացվել, և մարգարեության համաձայն այնտեղով պետք էր մտներ միայն Իսրայելի Փրկիչ Մեսիան։
Ժողովրդի մեջ տարածված էին մի շարք ավանդույթներ՝ կապված Տեառնընդառաջի խարույկի հետ։ Այդ ավանդույթներից մեկի համաձայն, խարույկից մնացած մոխիրը խորհրդանշել է առատություն, և այն հաճախ շաղ են տվել տներում, տնամերձ հողերին, արտերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն։
Խարույկի վառման արարողությունն էլ ազդարարեց Տեառնընդառաջ տոնի սկիզբը, քանզի եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է։ Իսկ Փետրվարի 14-ի առավոտյան Արցախի թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այդ կապակցությամբ, հավարտ Պատարագի կատարվեց նաև նորապսակ զույգերի օրհնության կարգ։