Տունդարձի հավատով

34 տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ին, միջազգային գործող նորմերին համահունչ հռչակվեց Արցախի Հանրապետությունը, որը օբյեկտիվ ու հիմնավոր արդյունքն էր Արցախի ինքնորոշման իրավունքի ու պայքարի: Դա անկախության ճանապարհի առաջին իրավական ու քաղաքական քայլն էր, որը նպատակ ուներ պաշտպանել Արցախի բնակչության անվտանգությունն ու հիմնարար իրավունքները։ Հետևաբար, կարող ենք ընդգծել, որ սեպտեմբերի 2-ը ոչ միայն պատմական փաստ է, այլև ազգային ինքնության, անկախության ու ազատության համար մղված պայքարի խորհրդանիշ։

Տունդարձի հավատով

Սակայն Ադրբեջանը այդպես էլ չհաշտվեց արցախահայության անկախության փաստի հետ և 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44 օրյա պատերազմի ու Արցախի Հանրապետության տարածքի մեծագույն մասի նվաճման, այնուհետև 2022-2023 թթ․ Արցախի ամբողջական ու խուլ շրջափակման, այնուհետև 2023 թ. սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակման արդյունքում նվաճեց Արցախի ողջ տարածքը: 21-րդ դարում միջազգային հանրության և մարդու իրավունքների պաշտպանության առաքելությամբ կյանքի կոչված կառույցների գիտությամբ ու լռությամբ ցեղասպանության սպառնալիքով իր պատմական բնօրրանից բռնատեղահանվեց մի ողջ ժողովուրդ: Եվ արդեն երկու տարի է, իր հայրենիքից բռնատեղահանված արցախահայությունը տակավին վառ է պահում իր Հայրենիք վերադառնալու հույսն ու հավատը:

Արցախի անկախության հռչակման 34 ամյակի առթիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) Արցախի թեմի գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ազգային պետականություն և հոգևոր ժառանգություն» խորագրով: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ներկա ու նախկին պետական գործիչներ, հոգևորականներ, հասարակական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀԱՍԵ ԱԹ թեմական խորհրդի ատենապետ, ԱՀ մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ ՀՀ և Արցախի օրհներգերը հնչեցնելուց հետո Տերունական աղոթքով ու օրհնության խոսքով հանդես եկեվ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ ԱՀ ԱԺ Նախագահ Աշոտ Դանիելյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդին՝ նման հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու համար, կարևորեց նման միջոցառումներով արցախահայությանը համախումբ և Մայր Հայրենիքում պահելու առումով, միաժամանակ ընդգծելով, որ «Արցախը պայքարում է, Արցախը կա և Արցախը վերադառնալու է»։

ՀԱՍԵ Արցախի թեմի գրասենյակի արդեն մեկամյա աշխատանքների մասին ներկայացրեց գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը՝ ընդգծելով, որ է ԱԹ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ ու Մոսկվայում գործող «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի աջակցությամբ կյանքի կոչված գրասենյակի կողմից մշակվել ու իրականացվել են բազմաբովանդակ ու բազմաբնույթ ծրագրեր։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանավորությամբ պատրաստված Արցախի վտանգված մշակութային ժառանգությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմը: Եղան նաև ելույթներ ու քննարկումներ, որոնց հիմնական առանցքը Արցախի և արցախահայության հետ կապված խնդիրներն էին: Ելույթ ունեցողների թվում էին ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախյան շարժման առաջամարտիկներ ու պետական, մշակութային գործիչներ Համլետ Գրիգորյանը, Բորիս Առուշանյանը, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Բալայանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գառնիկ Գալստյանը: Ելույթ ունեցողները, կարևորելով օրվա խորհուրդը, ընդգծեցին արցախահայության շրջանում վառ արտահայտված տունդարձի հավատը։

Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառումը ավարտվեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահպանիչ աղոթքով:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE