Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ծննդյան տարեդարձը

Գերաշնորհ Սրբազան Հայր, թեմի հոգևոր և աշխարհիկ ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ այս բերկրալի օրվա առթիվ:

Պարբերաբար արհավիրքների առերեսվող և մարտահրավերների առջև կանգնած հայրենիքում առաջնորդ լինելը բարդ և պատասխանատու գործ է, իսկ հոգևոր առաջնորդ լինելը՝ առավել ևս: Հայրենիքի պահպանման գործի հիմնասյուները Բանակն ու Եկեղեցին են, իսկ Դուք խոհեմությամբ համադրելով այս երկուսը՝ երկար տարիներ Ձեր անձնվեր ծառայությունն եք մատուցել որպես ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ՝ ամուր պահելով և բարձր մակարդակի հասցնելով Ազգ-Բանակ-Եկեղեցի կապը: Այսօր էլ լինելով ողջ արցախահայության հոգևոր հայրը, փորձում եք սիրո և ներդաշնակության մեջ պահել արցախյան հոգևոր ընտանիքը և հայրական խնամք եք տածում Ձեզ վստահված հոտին, քանի որ «Արդար հայրը բարությամբ է կրթում, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու վրա» (Առակ. 23:24) ։

Սիրելի Սրբազան Հայր, մեր հանապազ և անկեղծ որդիական աղոթքներով հայցում ենք, որ Ամենակալ Աստված քաջ առողջություն, ծառայության արդյունաշատ տարիներ և բերկրալի կյանք շնորհի Ձեզ: Թող Ձեր հովվական գավազանը հաստատուն լինի և Տերը պարգևի Ձեզ երկար ու բարեբեր առաջնորդական տարիներ:

Թող Ձեր գործը օրհնություն դառնա, և ինչպես Սուրբ Գրքում է ասվում. «Քո արածի համար Տերը թող հատուցի և լիովին վարձատրի քեզ» (Հռութ 2:12)։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE