ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Ծաղկազարդը նշվում է Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Ծաղկազարդը տոնում է ապրիլի 10-ին :
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:
Տոնի կապակցությամբ Ծաղկազարդի առավոտյան Արցախի թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Այնուհետև եկեղեցիներում հավաքված հավատացյալ ժողովրդին բաժանվեց օրհնված ուռենու ճյուղերը։
Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական ծեսը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանն էր։
Աստծո տանն ընդգծված շատ էին մանուկները, ովքեր եկել էին ստանալու Սրբազան հոր օրհնությունը։
Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց նաև կիրակնօրյա դպրոցի անկնունք երեխաների և նրանց ընտանիքների անդամների մկրտություն։