Տրվեց Սուրբ Հարության ավետիսը
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սուրբ Հարության ավետիսը տրվեց երեկ երեկոյան` Ճրագալույցի Պատարագին: Թեմի վանքերում և եկեղեցիններում առավոտյան տոնական Պատարագով սկսվեց օրը և հնչեց սպասված ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Պատարագ մատուցեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում: Պատարագին մասնակից էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ ու մեր հավատավոր ժողովուրդը:
Պատարագի ավարտին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես նվիրված Սուրբ Հարության տոնին: Թեմի կիրակնօրյա դպրոցներից յուրաքանչյուրը մրցույթ-ցուցահանդեսին ներկայացրել է Սուրբ Հարության տոնի հետ առնչվող թեմատիկ ձեռքի աշխատանքներ: