Թեմակալ առաջնորդի շնորհավորական խոսքը Ավետման տոնին
Սիրելի Մայրեր և քույրեր,
Այսօր, երբ մեր հայրենիքը անցնում է փորձությունների և նեղությունների միջով, խորհրդավոր զուգադիպությամբ ապրիլի 7-ի ուրախարար տոնը համընկել է Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Չարչարանաց և Խաչելության հիշատակության օրվա հետ: Այս իրողությունը մեզ հրավիրում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նայելու մի նոր ու հոգևոր ավելի խորը հայացքով:
Մարդու հոգին ջերմացնող մայրության, առաքինության և ճշմարիտ գեղեցկության գաղափարների մարմնացում հանդիսացող Աստվածամայրը այսօր կանգնած է Իր Որդու Խաչի առաջ, և Նրա կրած ամեն մի հարված ու անարգանք սրի պես մխրճված են իր սրտի մեջ: Բայց անասելի այս տառապանքը չկարողացավ ընկճել Նրա մայրական սերը և հոգու մի անկյունում թաքնված այն հույսը, որ Աստծուց շնորհված իր Խորհրդավոր Զավակի կյանքը չի կարող այդպես անհույս մահվամբ վերջանալ: Մարիամը հավատում էր Ավետման ժամանակ իրեն Տրված խոստմանը և սպասում էր դրա իրականացմանը: Իր խոնարհ իմաստությամբ, Հիսուսի ծնունդից սկսած, Նա ամեն բան պահում էր իր մեջ և իր սրտում խորհում դրանց մասին(Ղուկ 2:19):
Առ Աստված իր անվերապահ հավատով և խոնարհությամբ` Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին՝ նրա՛նց, ովքեր ապրում են հայրենիքի ցավով, նրա՛նց, ովքեր իրենց մայրական աղոթքով ու սիրով այսօր ապրում և ապրեցնում են Արցախը, և նրա՛նց, որ իրենց սիրասուն զավակներին տվեցին հանուն հայրենիքի` Մարիամի նման սուր ընդունելով իրենց սրտերից ներս:
Սիրելի Մայրեր և Քույրեր, Աստվածամոր ավետման այս գեղեցիկ տոնին մեր շնորհավորանքներն ու սրտի անկեղծ ջերմությունն ենք բերում Ձեզ և հայցում Տիրամոր բարեխոսությունը հայոց բոլոր մայրերի, քույրերի և մեր Մայր Հայրենիքի համար: Հավատքով ու խոնարհությամբ մոտեցե՛ք Աստծուն, որպեսզի Դուք էլ Մարիամի նման վայելեք Հարության լիակատար ուրախությունը: