Թեմակալ առաջնորդի պաշտոնավարման մեկ տարին
Պատերազմը անդառնալի հետք թողեց հայ ազգի վրա` հայ պատմության մեջ սևով նշելով 2020թ-ի աշունը, իսկ հետպատերազմյան շրջանը շատ ծանր էր թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես վերականգնվելու առումով: Այդ ծանր շրջանում թեմի առաջնորդի ծանր, բայց Քրիստոսով քաղցրացող լուծը իր վրա վերցրեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` փոխարինելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող, երկարամյա, բազմավաստակ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանին:
Վրթանես Սրբազանը ծնունդով արցախցի է: Ընտրելով իր ճանապարհն առ Աստված, նա տարիներ շարունակ իր հոգևոր խնամքն էր տածում իրեն վստահված հոտին: Արցախի թեմի առաջնորդ նշանակվելուց առաջ, իր վերջին տևական ծառայությունն է բերել ՀՀ Զինված Ուժերում` որպես հոգևոր առաջնորդ: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզված է, որ պետք է ներկա սերունդին կրթել քրիստոնեական առաքինություններին համապատասխան` ցույց տալով մեր նախնիների անցած ուղին և բացատրելով թե ինչքան կարևոր է հոգևոր մեր ինքնության, նյութական և ոչ նյութական հոգևոր արժեքների պահպանումը:
«Մենք փորձեցինք առաջին հերթին համախմբել այն բոլոր ուժերը, որոնք ընդունակ են լցնել հոգևոր դաշտը այն տեսլականով, որ ժողովուրդը գիտակցի, որ թեմի առաքելությունը` Աստծո կենդանի խոսքը քարոզելն է», — ասել է թեմակալ առաջնորդը, հաշվետու հայացք նետելով անցյալ տարվան: