Թեմակալ առաջնորդի հարցազրույցը Ֆրանսիական ռադիոընկերությանը

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ֆրանսիական ռադիոընկերության հրավերով հյուրընկալել է «Sud Radio» ռադիոյի տաղավար:

Հարցազրույցի ընթացքում Սրբազան Հայրը հարցազրուցավար Ֆիլիպ Դավիդին ներկայացրեց Արցախի և արցախահայության անցած ուղին, արցախցիների տարիների պայքարը՝ անկախ ու ազատ հայրենիքում ապրելու համար:

Հարցազրուցավարի հարցին, թե ինչպիսի իրավիճակում է այժմ գտնվում Արցախը, Սրբազան Հայրը ներկայացրեց վերջին օրերին Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ագրեսիայի մասին, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ զոհեր և վիրավորներ:

Սրբազան Հայրը ընդգծեց. «Ադրբեջանը հոգեբանական, հումանիտար և ֆիզիկական տեռոր է իրականացնում արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, սակայն մենք հավատքով ու ապագայի հույսով շարունակում ենք ապրել մեր հայրենի հողում»:

Պատմելով 2020թ. պատերազմի մասին, նա շեշտեց, որ եթե Ադրբեջանին տարբեր երկրների, մասնավորապես Թուրքիայի կողմից աջակցությունները չլինեին, ապա միանշանակ պատերազմի ելքը կլիներ ի նպաստ հայկական կողմին: Եվ եթե պատերազմից հետո ռուս խաղաղապահները չլինեին Արցախում, այսօր Արցախում հայ չէր մնա:

Այն հարցին թե որն էր Ֆրանսիայի դերը այս հարցում և ինչ կարող էր անել Ֆրանսիան ավելին, քան արել է, Սրբազան Հայրը պատասխանեց. «Ֆրանսիան միշտ եղել է ճշմարտության կողմը և մենք շնորհակալ ենք այդ դիրքորոշման համար, մենք անշուշտ սպասում ենք ավելին: Արցախ-Հայաստան — Սփյուռք կապը միշտ եղել է ամուր և այդ միասնության մեջ յուրահատուկ դեր է ունեցել Ֆրանսիայի հայությունը, որը հատուկ ջերմություն է տածում Արցախի նկատմամբ»:

Խոսելով Արցախի կրոնի մասին, Սրբազան Հայրը նշեց. «Արցախով սկսվում և ավարտվում է քրիստոնեությունը, քանի որ մեզնից այն կողմ մուսուլմանական երկրներ են և մենք պահում ենք այդ դարպասը»:

Հարցազրույցի վերջում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE