Տավուշի թեմի առաջնորդը Արցախի կողքին

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բարեշնորհ Թովմաս սարկավագ Առաքելյանի ընկերակցությամբ, վերջերս այցելել էր Արցախ: Սրբազան Հայրը շրջել է Արցախ աշխարհի պատմական վայրերով, եղել արցախյան մի շարք սրբավայրերում:

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Բագրատ Սրբազանը այցելել է Ամարասի վանական համալիր, հանդիպել 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսների հարազատների հետ, իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցել հավատավոր արցախցիներին:

Գանձասարի վանական համալիր այցի ընթացքում Բագրատ Սրբազանի կատարմամբ Արցախի օրհներգը հնչեց վանքում, ինչը շատ ոգևորիչ և գոտեպնդող տեսարան էր: Սրբազան Հայրը այցելել է նաև վերականգնման փուլում գտնվող պատմական Հակոբավանք, Վրթանես Սրբազանի հետ միասին ծանոթացել վանքում ընթացող վերականգնման աշխատանքներին: Իր այցի շրջանակներում Տավուշի թեմի առաջնորդը մասնակցել է նաև Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մանկական երգչախմբերի կատարմամբ կայացած համերգին:

Այցի ավարտին Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարից հնչեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզը: Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եղբայրական սիրով ու աղոթքով ողջունեց Բագրատ Սրբազանի այս քայլը՝ լինել Արցախի և արցախցու կողքին և իր ուրախությունը հայտնեց թեմերի միջև եղած եղբայրական ամուր ոգու և սերտ համագործակցության համար: