Սուրբ Վարդանանց տոնը

Այս տարի փետրվարի 24-ին Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։

Տոնը հայրենասիրական ու քրիստոնեական հավատարմության մեծ խորհուրդ ունի։ Վարդանանց զորքը ոտքի էր ելել սեփական կյանքի գնով պաշտպանելու իրենց հավատքը, հայրենիքն ու ազգային ինքնությունը։ Եվ չնայած հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր քաջարի 1036 զինակիցների հետ այդ անհավասար պայքարում նահատակվեցին, սակայն իրենց վճռականությամբ ապացուցեցին, որ ոչ մի արտաքին ուժ ի զորու չէ շեղել հայ ժողովրդին իր հավատքից և ինչպես հայոց սպարապետն ասաց՝ քրիստոնեությունը մեզ համար ինչպես մաշկի գույնն է, որ փոխել հնարավոր չէ:

Ինչպես Ավարայրի ճակատամարտում, այնպես էլ իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միշտ եղել է հայոց բանակի կողքին՝ թե՛ աղոթքով և թե՛ զենքով։ Այդ ճակատամարտից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ Ավարայրների միջով է անցել՝ անսասան պահելով իր հավատքը։

Սուրբ Վարդանանց զորավարների տոնի կապակցությամբ Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Ճարտար քաղաքի Սբ. Վարդան եկեղեցի։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և ձեռամբ Սբ. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանի մատուցվեց սուրբ պատարագ։ Արարողության ընթացքում քարոզ հնչեց Սուրբ Վարդանանց խորհրդի մասին և աղոթք բարձրացվեց հայոց աշխարհի խաղաղության համար։

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց կաթողիկոսի անվանակոչության առիթով՝ մաղթելով Վեհափառ հայրապետին արևշատ ու արդյունավետ գահակալություն։

Տոնի կապակցությամբ կազմակերպվել էր նաև մշակութային միջոցառում, որի ընթացքում Ճարտար քաղաքի տաղանդավոր պատանիները հանդես եկան տարբեր ազգային երաժշտական և պարային կատարումներով։ Միջոցառմանը իր ելույթով հանդես եկավ նաև Ռուսաստանից ժամանած հայրենասեր Արմինե Անտոնյանը, ով Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում դասավանդում էր «Հայոց ցեղասպանության պատմություն»։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE