Սուրբ Սարգիս Զորավարի տոնը

Ամեն տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաջավորաց պահքի շաբաթ օրը նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր:

Փետրվարի 12-ին ՀԱՍԵ Արցախի թեմը այդ առիթով կազմակերպել էր տարբեր միջոցառումներ Սրբի անունը կրող եկեղեցիներում։

Տոնի կապակցությամբ կազմակերպվել էր նաև ուխտագնացություն Եղծահողի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Արցախի Թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և ձեռամբ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի մատուցվեց սուրբ Պատարագ։ Պատարագին ներկա էին գյուղի հավատացյալները՝ մեծ թե’ փոքր, ինչպես նաև երիտասարդ ուխտավորներ։

Հավարտ պատարագի կատարվեց երիտասարդների օրհնության կարգ։ Սրբազան հայրը Ամենակալ Տիրոջը հայցեց նրա գթառատ ողորմությունը ու առաջնորդությունը երիտասարդների համար. «Ողորմած և մարդասեր Տեր, Քո անչափ բարերար կամքով օրհնիր այս երիտասարդներին և առաջնորդիր նրանց բարի գործերի և առաքինի վարքի, աճեցրու և բազմացրու նրանց ժառանգներով և ամենայն բարություններով, առողջ կյանք պարգևիր, և մենք հավիտյան պիտի փառավորենք Քեզ»։

Երանելի Սրբի բարեխոսությունը աղերսվեց հատկապես մեր գերեվարված հայրենակիցների համար, որպեսզի, ինչպես Սուրբ Սարգիսը իր բարեխոսությամբ կարողացավ Աստծուց խնդրել իր գերեվարված որդու վերադարձը, այնպես էլ մենք մեր աղոթքները Սուրբի միջոցով հաղորդենք Տիրոջը՝ մեր գերեվարված հայորդիների վերադարձի համար։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE