«Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով գեղաթերթիկ
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկ:
Միջոցառման բացումը օրհնության խոսքով և աղոթքով կատարեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Մարումն իրականացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանի, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կողմից:
Վրթանես Սրբազանը նամականիշի թողարկումը համեմատեց Նոյի աղավնու հետ:
“Ինչպես Նոյը բաց թողեց աղավնուն, հասկանալու համար արդյո՞ք աշխարհում կենդանություն կա, այնպես էլ մենք ենք այսօր բաց թողնում այս նամականիշները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որպեսզի դրանք հասնեն մարդկանց քարացած սրտերին, խոսեն նրանց հետ, և գուցե, կարողանան փշրել այդ սրտերը և դարձնել առ Քրիստոս, որպեսզի մարդկությունը հասկանա ու գիտակցի վերջապես, թե ինչ է նշանակում ոչնչացնել դարավոր քրիստոնեական մշակույթը”,- ասել է թեմակալ առաջնորդը:
Երկու նամականիշների վրա էլ Ղազանչեցոցն է պատկերված, սակայն առաջինի՝ 940 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա այն կանգուն է, իսկ երկրորդի՝ 950 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա արդեն հրթիռակոծված է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:
Գեղաթերթիկի աջ հատվածում եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկն է, ձախ հատվածում արդեն հրեշտակի տեղում պատկերված է անօդաչու թռչող սարք:
Թողարկման օրը` 14.09.2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը՝ 105,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 25 000 հատ: