Շոշկավանքի խաչքարի օծում

Ս.թ. նոյեմբերի 16-ին Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել է 44-օրյա պատերազմում նահատակվածների և Շոշկավանքի 2020թ. խաչքավոր  գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին նվիրված խաչքարի օրհնություն և օծման արարողություն:

Խաչքարը տեղադրվել է Շոշկավանքի բարերար Տիգրան Խաչատրյանի հովանավորությամբ, օծվել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և հանդիսապետությամբ՝ հոգևոր դասի մասնակցությամբ։ Արարողությանը մասնակցում էին Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարերար և նորաօծ խաչի հովանավոր Տիգրան Խաչատրյանը, Նորայր Միրզոյանի հարազատներն ու ընկերները։ Արարողության ավարտին Սրբազան Հայրը ներքին խաղաղություն և ներդաշնակություն մաղթեց ներկաներին ասելով.

«Մենք ապրում ենք կարևոր մի գաղափարախոսությամբ, որն է՝ հայի ապրելու, գոյատևելու և ապագան ճիշտ կառուցելու շարունակականության ապահովումը: Խաչքարերը և խաչը մեզ համար ամրության վահան են, իսկ այս բարձունքը՝ սրբության և խոնարհման վայր։ Հայի էությունը խաղաղությունն է, ազատությունը, հավատքը։ Եթե մենք կարողանանք հավատալ ու տիրապետել այս ճշմարտությանը, կնշանակի՝ ունենք այն բանալին, որը մեզ տանում է դեպի Աստծո արքայություն։ Մենք պետք է ապրենք, արարենք, սերունդ դաստիարակենք այստեղ, պետք է աղոթենք մեր նահատակ տղաների համար, որպեսզի նրանք վերևից մեզ տեսնեն համախմբված, սիրո և ներդաշնակության մեջ։»

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE