Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ

Բանակը դարձավ այն վեմը, որի վրա կառուցվեց մեր անկախ պետականությունը։ Այսօր մեր երկիրն ու բանակը վիրավոր են, բայց եթե լինենք միասնական և դառնանք դեպի Աստված, կկարողանանք կերտել նորանոր հաղթանակներ։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Վրթանես Սրբազանի ելույթը Մեխակավանում 28.09.2020թ.

Նախ ես որպես մարդ, որպես հոգևորական եկել եմ ձեր մոտ իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնելու։

Մենք շնորհակալություն հայտնում ենք Աստծուն, և այդ շնորհը թող միշտ ձեր մեջ լինի:

Պատերազմ է: Բոլորս քաջ գիտակցում ենք դա։ Հայի համար պատերազմը սկսվել է այն օրից, երբ որ ինքը ընտրել է լույսը այլ ոչ թե խավարը։ Այդ պատճառով մեզ նաև ասում են լույսի որդիներ։ Այն լույսը, որը ուզում է չարը մարել՝ մենք չպիտի թողնենք:

Այդ լույսը մեր Հայաստան աշխարհն է:

Այդ լույսը մեր քրիստոնեական ապրելակերպն է: Այդ լույսը ձեր եղբայրությունն է:

Մենք եղբայրներ ենք Քրիստոսով:

Եղբայրներ ենք դավանանքով: Եղբայրներ ենք գաղափարախոսությամբ:

Մենք պատերազմի պետք է դուրս գանք պատվով և հաղթանակով: Որպեսզի հաղթենք պետք է մեկ գաղափարի հետևորդ լինենք։ Իսկ այդ գաղափարը մեր նվիրումն է առ հայրենիք: Մեր նվիրումն է առ մեր ընտանիք: Եվ մեր եղբայրասիրությունը։ Ձեռքիս խաչի մեջ կա սրբազան մասունք, որը Դադիվանքի հիմնադրի՝ Դադիի ոսկորն է։ Ես բերել եմ, որ այս խաչով օրհնեմ ձեզ։ Օրհնեմ մեր նախնիների սուրբ հավատքով: Որ դուք ամուր բռնեք մեր նախնիների հոգևոր ձեռքը: Ամուր բռնեք մեր ընտանիքների սրբությունը: Ուստի տղաներ ևս մեկ անգամ օրհնելով օրհնում եմ ձեզ: Համբուրում եմ ձեր բոլորի ճակատը։ Համբուրում եմ ձեր ձեռքերը, որը պետք է լինի ապտակ թշնամուն: Ձեր սիրտը թող միշտ եղբայրասիրություն թելադրի, և դուք հոգեպես խաղաղ լինեք: Աղոթեք ամեն անգամ մի կարևոր առաջադրանք կատարելիս: Եթե մարդու հոգին խաղաղ է՝ կարող է ապահովել խաղաղություն մեր սահմաններում։

Վրդովված սրտով պատերազմի չգնաք։

Այլ խաղաղ՝ մտածելով ինչի համար ես գմնում՝ հանուն ինչի ես գնում։ Աստված օրհնի ձեզ: Թող հաղթանակներ արձանագրվեն: Թող Հայաստանի սահմանները և Արցախի Հանրապետության սահմանները ապահով լինեն: Եվ մենք պատերազմող և պատերազմի մեջ վիճակված մեր առաքելությունը չփոխանցենք մեր սերունդներին: Ավարտենք և վերջնական ավարտենք:

Աստված ձեզ օրհնի: Գնացեք խաղաղությամբ և պայքարեք հանուն խաղաղության:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE