Ս. Հակոբ եկեղեցում հյուրընկալված ուխտավոր քահանան

Հուլիսի 26-ին՝ Հոգեգալստյան տոնի երրորդ կիրակի օրը, Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում ուխտավորաբար պատարագեց Բեյրութի Ս. Նշան եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Քեշիշյանը: Պատարագի ընթացքում Տեր հայրն իր քարոզի խոսքն ուղղեց ողջ հավատացյալներին, որի մեջ ընդգծվեցին շատ և շատ կարևոր գաղափարներ, ինչպիսիք էին օրվա պատգամի անչափ կարևոր սկզբունքները՝ շաբաթը, օրենքը, մարդու նկատմամբ Աստծո դրսևորած անսահման սերը՝ ոչ թե զոհի, այլ ողորմության միջոցով: Պատարագիչ քահանան խոսեց հավատի և հավատն արտահայտող գործերի մասին՝ շեշտելով, որ ըստ Սուրբ Գրքի առանց գործերի հավատը մեռած է: Խոսեց նաև մեր «էջմիածնացած» եկեղեցու մասին, բոլորի ուշադրությունը հրավիրելով դեպի մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որպեսզի նա կրկին այցելի Հայաստան և իր բարեխոսությամբ կրկին հոգատարություն դրսևորի մեր Սուրբ Միածնաէջ եկեղեցու նկատմամբ:

Այնքան հուզիչ և կարևոր էր պատարագիչ քահանայի քարոզն ու խոսքը, որ ներկա հավատացյալ ժողովրդից շատերը ձեռնամած խորը աղոթքի պահեր ապրեցին, հոգևոր և բարի հուզմունքի մեջ եղան, կարծես այդ պահին մեր նահատակները մեզնով շրջապատված էին, իսկ մեր Սուրբ Լուսավորիչը իր բարեխոսությամբ հովանի էր նրանց բոլորին: Այսպես ողջ Պատարագը անցավ աղոթքով և հոգևոր մեծ վերելքով:

Տեր Հայրը հատուկ շնորհակալություն և գոհունակություն հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ում օրհնությամբ Արցախի թեմի Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE