Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողություն
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, ապրիլի 12-ին տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը, որն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային համախմբման վայր: «Մայրություն և Հարություն» խորագիրը կրող հոգևոր-մշակութային երեկոն կայացավ Արցախի թեմի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ։ Կազմակերպվել էր ցուցահանդես, որին ներկայացված էին Արցախի նկարիչների միության 15 նկարիչների մոտ 40 աշխատանքներ: Արարողությունը համեմված էր հոգևոր գեղեցիկ համերգով, որը մեկնարկեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով` Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Միջոցառման ընթացքում հնչեցին մի շարք հոգևոր երգեր, որոնք առավել հոգեթով երանգ ստացան եկեղեցու պատերից ներս:
Արարողությանը մասնակից էին հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի մի շարք պաշտոնատար անձինք, տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ գործիչներ և հավատացյալներ: