«Պիցիրանանք Շուշի» խորագրով ցուցահանդես

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորությամբ ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կայացավ շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Այն կրում էր «ՊԻՑԻՐԱՆԱՆՔ ՇՈՒՇԻ» խորագիրը։ 45 լուսանկարների միջոցով Վլադիմիրը պատմում էր Շուշիի հոգևոր֊մշակութային դիմագծի, անսահման լույսի ու ջերմության, քաղաքի մարդկանց, շրջապատող լեռների, բնության մասին։

Ցուցահանդեսը մեկնարկեց Արցախի հորովելով` երգիչ Արթուր Խաչենցի կատարմամբ։

Բացման խոսքում Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշեց. «Այս լուսանկարներով մեզ է նայում հավերժական քաղաքը` Շուշին, որի հայացքում մերթ ուրախություն է, մերթ խորը թախիծ, մերթ մտահոգություն ու խոհ, մերթ էլ` անսահման սպասում։ Եթե ավելի խորը նայեք, ապա այն, ինչ կտեսնեք այս լուսանկարներում, այդ բոլորը մեր ներսում է, այդ լուսանկարները մենք ենք, քաղաքը մեր մեջ է քնում ու արթնանում։ Այն մեր ներսում ապրելու է այնքան ժամանակ, քանի մենք կանք ու հավատում ենք հավերժության խորհրդին։ Դեպի Շուշի տանող ամենակարճ ճանապարհը մեր սրտերից մինչեւ Շուշի հասնող ճանապարհն է։ Այն ոչ ոք չի կարող շրջափակել, անցակետեր դնել, խաղաղապահ կանգնեցնել, խլել-տանել մեզնից։ Դա մեզնից դեպի մեզ տանող միակ ճամփան է։ Եվ քանի այդ ճամփան կա, ուրեմն Արցախը ապրելու է, և պայքարի կայծերը հաստատ արթնանալու են, երազանքը մի օր նպատակ է դառնալու, նպատակը`վերադարձ»:

Խոսք ասացին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Միքայել Հաջյանը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Լուսանկարների հեղինակ Վլադիմիր Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Համազգայինի Արցախի գրասենյակին` համագործակցության և ցուցահանդեսի կյանքի կոչման համար։

Ցուցահանդեսը կգործի 5 օր։

Ցուցահանդեսի լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի

Աղբյուրը` 🌐 ⬅︎

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE