Պետություն-եկեղեցի կապի ամրապնդում
Արցախի թեմի հոգևորականները արդեն մի քանի ամիս է իրենց հոգևոր ծառայությունն են բերում ԱՀ պետական կառույցներում: Հետպատերազմյան ծանր շրջանում այսպիսի համագործակցությունը առավել քան անհրաժեշտ է բազմաչարչար մեր հայրենակիցների հոգևոր վերականգնման համար: Այն մի դրական ազդակ է ավելի ամրապնդելու և նոր մակարդակի վրա բարձրացնելու Պետություն-Եկեղեցի կապը:
Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը, ԱՀ ՆԳ նախարարի առաջարկությամբ և թեմակալ առաջնորդի օրհնությամբ, նոյեմբերից նշանակվել է ԱՀ ՆԳ նախարարի հոգևոր խորհրդական և նախարարության հոգևոր սպասավոր: Տեր Հայրը երկար տարիներ շարունակ իր հոգևոր ծառայությունն է բերել ԱՀ ՊԲ-ում: Այն պետական առաջին կառույցն էր, որը մեծ սիրով իր շարքերում ընդունեց հոգևոր սպասավորներին, ովքեր նշանակալից դերակատարություն են ունեցել զինվորականների կյանքում՝ որպես զենք իրենց սրտերում պահելով մշտական աղոթն առ Աստված:
«Իմ առաքելությունը ես տեսնում եմ երկու ուղղությամբ: Առաջինը՝ նախարարության անձնակազմի հետ աշխատելն է, իրենց հոգևոր կարիքները բավարարելը, ցանկացած պարագայում անհրաժեշտ հոգևոր աջակցություն ցուցաբերելը, հարցերին պատասխանելը: Իմ հաջորդ ուղղությունը ոչ միայն նախարարության անձնակազմի հետ զուտ աշխատանքն է, այլ նաև օժանդակել նախարարության գործառույթների իրականացմանը այնտեղ, որտեղ ես կարող եմ լինել: Մասնավորապես, օրինակ, Ոստիկանության անչափահասերի հետ աշխատող բաժինը, որտեղ մենք բավականին խորը համագործակցություն ենք սկսել»,- նշեց Տեր Ներսես քահանա Ասրյանը՝ խոսելով պետական կառույցում իր առաքելության մասին: