Թեմակալ առաջնորդի խոսքը մայիսի 9-ի առթիվ

Շուշիի ազատագրում

Սիրելի Հայրենակիցներ, այսօր բոլորս միասին հասել ենք մի կարևոր հանգրվանի՝ մայիսի 9-ի տոնական օրվան, որը կարծես թե խառնում է մեր մտածումներն ու զգացումները։ Տարիներ շարունակ այս օրը ուժականության աղբյուր է եղել հայ ժողովրդի՝ հատկապես արցախցիների համար, որովհետև առիթ էր տալիս մեզ ուրախանալու 3 կարևոր հաղթանակներով՝ Հայրենական պատերազմում տարած միութենական հաղթանակ, Պաշտպանության Բանակի ծնունդ և Շուշիի ազատագրում։

77 տարի առաջ այս օրը ավարտվեց մարդկության պատմության մեջ ամենասարսափելի պատերազմը՝ խլելով միլիոնավոր կյանքեր։ Այն զոհողություններից, որ շատ ժողովուրդներ ու երկրներ բերեցին հաղթանակի զոհասեղանին, անմասն չմնաց նաև հայ ժողովուրդը՝ ի մասնավորի Արցախը, որի բնակչության մեկ երրորդը մասնակցեց և ավելի քան 40․000 զոհ տվեց հայրենական պատերազմում: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը փրկության հաղթանակ էր համաշխարհային մակարդակով, և մեզ համար այն տոնելը բնական է ու պահանջված։

Այս օրը ծնվեց նաև Արցախյան Շարժման անդրանիկ զավակը՝ Արցախի Պաշտպանության Բանակը, որը հերոսական ուղի անցնելով՝ հայ ժողովրդին նվիրեց հայրենի երկրի ազատագրման դարերով չիրականացված երազի իրականացումն ու բերկրանքը։ Հայրենիքի կերտման գործում հաղթանակը նվաճելը դեռ գործի կեսն է, մյուս կեսը այդ հաղթանակը պահելն ու դրան արժանի լինելն է։ Վերջին ծանր փորձությունից հետո Պաշտպանության Բանակը վիրավոր է, բայց ոչ մեռած։ Եթե անկեղծ լինենք և հաշվի առնենք թե ինչպիսի ուժերի և սպառազինության դեմ պայքարեց մեր բանակը, ապա կսկսենք հասկանալ, որ այն իր բնույթով պարտվող չէ և ոչ էլ թույլ, այլ նման է մի հսկա մարտիկի, որի ճանապարհին անսպասելի դրվել է «Քար գլորման», որին նա կարծես թե չէր սպասում։ Ուստի, մեր բանակի 44-օրյա պատերազմի հերոսական պայքարը և նրա այսօրվա գոյությունը լիովին թույլ են տալիս մեզ տոնելու նաև նրա ծնունդը։

Բարդ ու հակասական են մեր մտքերը, երբ հիշում ենք Շուշիի հերոսական ազատագրումը, որն այնքան վարպետորեն և հրաշալի կերպով էր իրականացվել, որ ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը։ Եվ իսկապես․ կարծես Հայոց Բանակը ամուսնացել էր չարի ձեռքից ազատագրված հարսի՝ Շուշիի հետ և նրանց պսակը օրհնվել էր ազատագրող քաջերի վրա արված Խաչի նշանով։ Բայց մի՞թե Աստծով միացած զույգին բռնի բաժանելով կարելի է մարել նրանց սերը․ իհարկե ո՛չ, այդ սերը հավիտենական է և ինչպես Սուրբ գիրքն է ասում․ «Աստծու միացրածը մարդիկ թող չբաժանեն»։ Հավիտենական է մեր սերը կորուսյալ հայրենիքի հանդեպ և վաղ թե ուշ տանելու է միավորման։ Ահա այս տեսանկյունից մայիսի 9-ը տոնելի է նաև որպես Շուշիի ազատագրման օր, որովհետև ներկա պարտություններն ու անհաջողությունները երբեք չեն կարող ստվերել և ջնջել անցյալի մեր նվիրումն ու սխրանքները, ավելին՝ մենք պետք է տոնենք և փորձենք վերագտնել այն ուժի աղբյուրը, որ ազատեց Շուշին։

Սիրելի հայրենակիցներ, մայիսյան այս հաղթանակի տոնին մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեր բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, մեր բոլոր գերյալ և անհայտ կորած զավակների համար, և հայցում, որ Քրիստոս Աստված զորավիգ լինի մեր ազգին՝ քայլելու արդարության ու հաղթության ճանապարհներով։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE