ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ
Սիրելի՛ հավատացյալ զավակներ,
Արդեն վեց տարի է, ինչ մեր սրտերը խոր ու դեռ չսպիացած վերքերով են՝ ավերիչ պատերազմի պատճառով։ Արդեն երեք տարի է, ինչ մենք վտարանդի ենք մեր հայրերի երկրից՝ սրբազան Արցախից։ Մեր ետևում մենք թողել ենք հայրենիք, մենք թողել ենք վանքեր ու եկեղեցիներ, տարիների հավաքական ճիգ ու ջանք, բայց որ ամենացավալին է՝ մենք թողել ենք մեր հազարավոր եղբայրների ու որդիների կյանքերը։ Կյանքեր, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ այլևս վերականգնել։ Հիրավի, սեպտեմբերը, որ մեր կյանքերում եղել է անկախության, ազատության ու մեր հավաքական կամքի հաղթանակի ամիս, այլևս շաղածված է կորստի ցավով ու դառը հիշողություններով։
Եվ այս դառնության մեջ է, որ այսօր մենք մեր հայացքն ուղղում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ վեր առաքելով մեր հոգու աղաղակն ու սպասելով մխիթարանքի։ Մեր Տիրոջ լռությունը թվում է հավերժ։ Խաչյալի պատկերը թվում է հուսահատեցնող։ Չարը թվում է հաղթանակած։ Ապագան՝ մշուշոտ։ Կամքը՝ հատնված։ Հույսը՝ շղթայված։ Հավատը՝ անզոր։ Այս ամենի մեջ մենք, թվում է, թե չունենք այլևս հենարան՝ նայելու մեր առջև ու շարժվելու մեր հավաքական իղձերի ճանապարհով։
Սակայն խաչի ճանապարհը, որով մի ողջ ժողովուրդ անցավ, ավելին է, քան պարտության ու մահապատժի ուղի։ «Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3։16)։ Այո՛, խաչի ճանապարհը, որքան էլ որ խորթ հնչի, սիրո ճանապարհ է։ Մեր նահատակ զավակները լոկ պատերազմի զոհեր չեն մեզ համար։ Նրանց իմացյալ մահը սիրո վկայությունն է, որովհետև «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15։13)։ Եվ Տիրոջ պատվիրանը՝ սիրելու մեր ընկերոջը մեր անձի պես, այսօր առավել քան հրամայական է մեզ իսկ համար։ Հույսն ու հավատը կարող են խամրել, քանզի ուղղված են ապագային, որ չենք տեսնում։ Սակայն գլխավորն ու ամենակենարարը մեր կյանքում կա և մնում է սերը։ Սերը Աստծո, մերձավորի, մեր արժեքների, մեր կորսված հայրենիքի, մեր հավաքական հիշողության, մեր միասնության հանդեպ։ Եվ հենց սիրո մեջ է, որ մենք գտնելու ենք այդքան սպասված մխիթարությունը, և ավելին՝ լույսը, որ մեզ առաջնորդելու է վերազարթոնքի։ Օգնական լինել կարոտյալին, քաղցածին, ծարավին, մխիթարել այրուն ու որդեկորույսին, խնամել հիվանդին, ուժերի կարելվույն չափով աջակցել աննյութական ժառանգության պահպանմանը, ամեն տան մեջ վառ պահել հոգևոր ու ազգային ինքնության ճրագը։ Ա՛յս է մեր ուղին, և ա՛յս է միջոցը։
Արդ, թող մեզ չընկճի ո՛չ վերքի խորությունը, և ո՛չ էլ անցնող ժամանակը։ Այլ դառնա՛նք առ Աստված, առ մայր Եկեղեցին, առ մեր ակունքներ, և հանձն առնենք այն վեհագույն պարտավորությունը, որ ունենք բոլորս որպես հայ, և որպես քրիստոնյա՝ սիրելը։ «Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց» (Հռոմ. 13։8)։
Աղոթում ենք, որ Տիրոջ սերն ու խաղաղությունը լինի մեր հայրենիքի ու մեր զավակների վրա։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ
