Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ
Սիրելի Սրբազան,
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և ջերմորեն շնորհավորում ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով:
Գոհունակությամբ ենք անդրադառնում ավելի քան երեսնամյա Ձեր նվիրյալ և նախանձախնդիր ծառայությանը եկեղեցական անդաստանում:
Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ հոգևորականի Ձեր ուխտը կնքելով Միածնաէջ Սուրբ Սեղանի առջև՝ Դուք հովվական ծառայության նշանակվեցիք Արցախի թեմում որպես Ամարասի վանահայր, ապա Արցախի թեմի առաջնորդական փոխանորդ: Այնուհետև հովվական աշխույժ գործունեություն ծավալեցիք Ս. Հռիփսիմե վանքում, Գուգարաց թեմում, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Արդյունաշատ և գովարժան եղավ երկարամյա Ձեր ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, երբ Ձեր հոգևոր առաջնորդության ներքո առավել ամրապնդվեց հայոց բանակում գնդերեցների սպասավորությունը՝ դառնալով մեր Եկեղեցու կարևոր կառույցներից մեկը:
Բարձր գնահատելով Ձեր նախանձախնդիր ծառայությունը՝ Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Ձեզ նշանակեցինք Արցախի թեմի առաջնորդ, որպեսզի ամենայն հանձնառությամբ ու անձնուրաց ծառայությամբ ձեռնամուխ լինեք արցախահայության հոգևոր կյանքի զորացմանը:
Սիրելի Սրբազան, ուրախ ենք անդրադառնալու Արցախի թեմում Ձեր արդյունավոր առաջնորդական գործունեությանը, որ որպես հովիվ քաջ և հավատարիմ շարունակում եք անդուլ ջանքեր ներդնել և Տիրոջ կենաց խոսքի քարոզությամբ հույսի և հավատի մեջ գոտեպնդել արցախահայությանը՝ առաջնորդելով նրանց հայրենաշեն ու եկեղեցանպաստ բարի արարումների:
Գոհունակություն էր Հայրապետիս համար տեղեկանալ, որ Ձեր ծննդյան հոբելյանական առիթով, ի գնահատություն Ձեր անձնվեր ծառայության, Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է Ձեզ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Թող Տերը օրհնի և պահապան լինի Ձեզ, պարգևելով քաջառողջություն և կենաց արևշատություն ի պայծառություն Արցախի թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
Սիրո ողջունիվ և օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ