Նորօրհնյալ Մյուռոնի բաշխումը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Նորին Սրբությունն անձամբ է հանձնել կարմիր զարդանախշ սափորները Հայաստանի և սփյուռքի թեմերին։
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետի ձեռքից ստացավ Արցախի թեմի Մյուռոնը, ինչը նոր հույս ու հավատք ներշնչեց հայրենի Արցախ վերադառնալու մեր լուսավոր գալիքի հանդեպ, ինչպես իր պատգամում նշեց Հայոց Հայրապետը․ «Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»։