Միջազգային գիտաժողով Վիեննայում
Վիեննայի պատմական արվեստների թանգարանում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մայիսի 13-14-ին կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեի նախաձեռնությամբ: Գիտաժողովի հիմնական թեման Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանման հիմնախնդիրներին առնչվող հարցերն էին:
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հայ հոգևոր-մշակութային ժառանգության մի ահռելի մաս, և օրեցօր մենք ականատես ենք լինում վերջինիս հանդեպ իրականացվող համակարգային վանդալիզմին: Միջազգային գիտաժողովի ընթացքում փաստագրական տվյալներով ներկայացվեց այս հանցավոր գործողությունների մասին՝ ի ցույց դնելով ադրբեջանական կողմի կործանիչ քաղաքականությունը: Արցախի օկուպացված տարածքներում հայ հոգևոր-մշակութային ժառանգության մասին զեկույցով հանդես եկավ նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեց նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր ու տպագիր մատյանների և ուշագրավ այլ նյութերի ցուցահանդես։