Մի-8-ի հրամանատարը․ Գրքի շնորհանդես Արցախի թեմում
Սեպտեմբերի 14-ին ՀԱՍԵ Արցախի թեմի դահլիճում կայացավ արցախցի հեղինակ Ալվինա Մուրադյանի «Մի-8-ի հրամանատարը» գրքի շնորհանդեսը։ Սույն վիպակը հեղինակի առաջին գիրքն է և պատմում է նրա ազատամարտիկ հոր՝ հերոս օդաչու Ջամբուլադ Մուրադյանի մասին։ Գիրքը երկխոսություն է դստեր և հոր միջև՝ միաժամանակ բացահայտելով ու ներկայացնելով Արցախի առաջին պատերազմի ժամանակ ավիացիայի կատարած կարևորագույն դերը՝ հաղթանակի ու անկախության կերտման ճանապարհին։
Միջոցառումը բացվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության և շնորհավորանքի խոսքով։ Ինչպես իր խոսքում նշեց Վրթանես Սրբազանը, նրանց նվիրական սխրագործությունների շնորհիվ է, որ շրջափակված Արցախը կարողացավ հաղթանակ արձանագրել և ցամաքային կապ ապահովել ՀՀ-ի հետ․ «Օդաչուների կյանքում գոյություն չունի վերջին թռիչք, որովհետև հոգու թռիչքը հավերժական է և անավարտ»։ Այդպիսինն էր նաև Մի-8-ի հրամանատար Ջամբուլադի թռիչքը։ Շնորհանդեսը վարում էր արցախցի բանաստեղծ, արձակագիր Հերմինե Ավագյանը։ Նա իր խոսքում նշեց, որ մեր հիշողությունը կենսունակ է այնքան ժամանակ, քանի դեռ պատմում ենք այն, փոխանցում նոր սերունդներին, այն դարձնում մեր ինքնության մասնիկը։ Ջամբուլադ Մուրադյանի մասին իրենց սրտի խոսքն ասացին ՀՀ տեղական օդանավակայանների կապի պետ Սերգեյ Մելքոնյանը, էսկադրիլիայի ղեկավար Ստեփան Նիկողոսյանը, գրքի խմբագիրներ՝ արձակագիր, հրապարակախոս Հակոբ Հարությունը, բանաստեղծ Վարդ Արծափէն, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Ջամբուլադ Մուրադյանի ուսուցչուհի Լյուդմիլա Առստամյանը և մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանը։ Շնորհանդեսը ոչ միայն հարգանքի տուրք էր հերոսի հիշատակին, այլև՝ դստեր նվերը իր հոր ծննդյան 66-ամյակին։ Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց նաև Ջամբուլադ Մուրադյանի, Շահեն Մեղրյանի և նրանց մարտական ընկերների մասին պատմող «Եղնիկներ» ֆիլմը։ Միջոցառումն ամբողջացավ գրքի հեղինակի՝ Ալվինա Մուրադյանի սրտի խոսքով։