Մամուլի ասուլիս թեմակալ առաջնորդի հետ

Այսօր «Արցախ» մամուլի ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել է ասուլիս ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Ասուլիսի ընթացքում Սրբազան Հայրը անդրադարձել է Արցախի հետ կապված 3 կարևոր հարցերի:

Առաջին կարևոր հարցը վերաբերում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը: Թեմակալ առաջնորդը նշեց թե ինչպիսի ջանքեր են գործադրվել ԱՀ իշխանությունների և Եկեղեցու կողմից՝ թշնամու վայրագությունները կանխարգելու համար: Նա առանձնապես նշեց այս հարցի շուրջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կատարած մեծ աշխատանքը, որի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, ինչպես նաև դիմում է ներկայացվել բազմաթիվ երկրներ, համաշխարհային եկեղեցական կազմակերպություններ, քույր եկեղեցիներ, ՅՈՒՆԵՍԿՕ: Սակայն Ադրբեջանը դեռ շարունակում է իր կործանիչ քաղաքականությունը: Ըստ Սրբազան Հոր՝ ադրբեջանական ձեռագիրը փոխվել է` ավելի վատն է դարձել։

Հաջորդ հարցը վերաբերում էր Արցախ-Հայաստան կապին, թե ինչու՞ է թուլացել այդ կապը պատերազմից հետո: Թեմակալ առաջնորդը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում ոչ մի քայլ անել և իրենց օգտակարությունը բերել Արցախին: Այսպիսի բարդ իրավիճակում դժվար է պատկերացնել Արցախը առանց իր Մայր Հայաստանի, այս արժեքավոր կապի պահպանումը, բայց, ցավոք, դրական արձագանք չենք ստանում:

Սրբազան հայրը նշեց, որ Արցախի թեմը Սբ. Հարության տոնից մեկ շաբաթ առաջ միասնական աղոթքի կոչով է հանդես եկել, որը ուներ մի կարևոր նպատակ՝ համախմբել հայ ազգը և դառնալ առ Աստված: Վրթանես Սրբազանը կարևորեց 3 հիմնական գործոն Արցախի գոյության և պետականության պահպանման համար. ազովի համախմբվել, համազգային քայլ կատարել դեպի Արցախ և համահայկական ծրագրեր իրականացնել Արցախում: Նա կարևորեց յուրաքանչյուր հայի ներկայությունը Արցախում, քանզի Արցախում ապրելով ենք ապրեցնում մեր հայրենիքը:

Երրորդ հարցը վերաբերում էր Արցախում հոգևոր կյանքի կազմակերպմանը: Թեմակալ առաջնորդը նշեց, թե ինչպիսի գործունեություն է իրականացնում Արցախի թեմը հոգևոր կյանքի ակտիվացման նպատակով: Սրբազան Հայրը ընդգծեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են թեմի կողմից, մասնավորապես նոր ծխական համայնքների գործարկումը, ուխտագնացությունների կազմակերպումը, կիրակնօրյա դպրոցների բացումը: Խոսվեց նաև Արցախի թեմի ապագա անելիքների և ծրագրերի մասին:

Ամփոփելով իր խոսքը Սրբազան Հայրը շեշտել է, թե ինչքան կարևոր է հիմա լինել Արցախի պետականության կողքին, ամեն գնով պահպանել այն, քանզի պետականությունը կորցնելու դեպքում ամբողջ Արցախը կհայաթափվի:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE