Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում
Արցախում տեղի ունեցան կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ ՀԱՍԵ Արցախի թեմի և հայ-դանիական բարեգործական առաքելության համագործակցությամբ, ինչպես նաև Ահ կառավարության աջակցությամբ։
Արցախի թեմի առաջնորդը ողջունեց վերապատրաստման առաջին դասընթացին մասնակցած ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցած այդ կարևոր գործում։ Սրբազան հայրը նշեց, որ մեր երեխաներին դաստիարակելով` մենք մեր միտքն ու հավատքը կփոխանցենք նրանց, ինչը կտանի մեզ դեպի պետականաշինություն, եկեղեցաշինություն և ազգապահպանություն։ Ծրագրի կարևորությունը հաստատեց նաև դասընթացին ներկա գտնվող ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ մեր ազգն ունի հոգևոր զարթոնքի կարիք։
Ծրագիրը, որը մեկնարկել է Մարտակերտում՝ մեկ կիրակնօրյա դպրոցով և երկու ուսուցչով, հիմա արդեն իր արմատներն է տարածում իր շուրջը։ Արցախի թեմի նախաձեռնությամբ կիրակնօրյա դպրոցներ կբացվեն 10 կրթօջախում։